Իվերմեկտին դեղամիջոցը կարող է ճնշել կորոնավիրուսի փոխանցումը մարդուց մարդուն՝ COVID-19-ի թեթեւ ձեւով մարդկանց մոտ նվազեցնելով վիրուսային բեռը եւ ախտանիշների տեւողությունը: Այս մասին վկայում են նոր հետազոտության նախնական արդյունքները, որոնք հրապարակվել են EClinicalMedicine ամսագրում:

Հետազոտության հեղինակները ստուգել են՝ հայտնի հակամակաբուծային դեղամիջոց իվերմեկտինի Եվրոպայում հանձնարարված առավելագույն դեղաչափը կարո՞ղ է արդյոք ազդել վիրուսի փոխանցման վրա ախտանիշների ի հայտ գալուց հետո առաջին օրերին ներարկելու դեպքում: Հայտնի էր, որ այդ միջոցը նվազեցնում է բջջային գծերում կորոնավիրուսի ռեպլիկացիան, սակայն մարդկանց մոտ ինֆեկցիայի վրա դրա ազդեցության հուսալի տվյալներն անբավարար էին, չնայած այն լայնորեն կիրառում են լատինաամերիկյան երկրներում:

Հետազոտության շրջանակում COVID-19-ի թեթեւ ախտանիշներով 24 պացինետի առաջին ախտանիշներն ի հայտ գալուց հետո 72 ժամվա ընթացքում մասնագետները տվել են կա՛մ դեղամիջոցի մեկ դեղաչափ, կա՛մ պլացեբո: Պարզվել է, որ վիրուսային միջին բեռը իվերմեկտին ստացած խմբում փոքր է եղել (բուժումից 4 օր հետո շուրջ 3 անգամ եւ մինչեւ 18 անգամ՝ 7 օր հետո), չնայած տարբերությունը չի համարվել վիճակագրականորեն նշանակալի:

Դեղամիջոցը ստացած պացիենտների շրջանում նկատվել է նաեւ որոշ ախտանիշների տեւողության նվազում. հոտի եւ համի կորուստի տեւողությունը նվազել է 50 տոկոսով, հազի՝ 30 տոկոսով:

Բոլոր պացիենտների մոտ հայտնվել են IgG վիրուս-յուրահատուկ հակամարմիններ, բայց հատկանշական է, որ դեղամիջոցը ստացած մարդկանց խմբում հակամարմինների միջին մակարդակը ավելի ցածր էր, քան պլացեբո ստացածների խմբում: Սա նույնպես կարող է վկայել վիրուսային բեռի նվազման մասին:

Մասնագետները, սակայն, նշում են, որ դեղերի արդյունավետությունը անհրաժեշտ է հաստատել ավելի խոշորածավալ հետազոտություններով:

news.am