Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդիպել է մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Հովհաննես Հարությունյանը ճեպազրույցը սկսել է պատերազմում հերոսի մահով ընկած հայրենիքի պաշտպանների ընտանիքներին ու հարազատներին ցավակցելով՝ նշելով, որ կառավարության օրակարգային կարևորագույն հարցերից մեկը շիրակցի գերիների խնդրի որքան հնարավոր է արագ լուծումն է։
«Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը հատկապես այս դժվարին ժամանակներում, ես այժմ իմ սիրելի քաղաքում եմ, իմ մարզում և պատրաստ եմ լծվել աշխատանքի Շիրակի մարզի զարգացման համար: Ես գիտակցում և պատկերացնում եմ գործի ծանրությունը, սակայն ունեմ նաև հաստատակամություն, որ համատեղ աշխատանքով կհաջողենք։ Առողջապահության մեջ ընդունված է ասել, որ ամենակարևորը ճիշտ ախտորոշումն է, կարծում եմ՝ մեզ պետք է հիմնահարցերը ճիշտ գնահատել և հնարավոր կլինի խնդիրների լուծման մեթոդներն էլ գտնել»,- ասել է մարզպետը:
Հովհաննես Հարությունյանը նշել է, որ կարևորվելու է մասնագիտական բարձր կարողություն ունեցող կադրերի աշխատանքը և վստահեցրել, որ աշխատանքում լինելու է պատրաստակամ:
«Իմ թիմը Շիրակի մարզն է, շիրակցին, բոլոր այն գիտակ մարդիկ, որոնց համար Շիրակի մարզի զարգացումն առաջնային է լինելու»,- հավելել է Շիրակի մարզպետը:
Հիշեցնենք՝ Հովհաննես Հարությունյանն այսօր կառավարության որոշմամբ նշանակվել է Շիրակի մարզպետ: