Կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտի խաղացողներին առաջարկեց քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օրակարգը: Դիտարկենք, թե քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից ով և ինչ ռեսուրսների է տիրապետում, ինչ դիրքավորում ունի այս պահին դաշտում և ըստ այդմ՝ ում է ձեռնտու կամ հակառակը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Որքան էլ որ տարօրինակ չհնչի, սակայն Նիկոլ Փաշինյանին և իր թիմին արտահերթ խորհրդարանական ընտրությունները և՛ ձեռնտու են, և՛ ոչ այնքան: Մի կողմից ակնհայտ է, որ Փաշինյանը, ունենալով հանրային աջակցության որոշակի պաշար, պահպանում է հնարավորությունը ընտրությունների միջոցով վերընտրվելու և ամրապնդելու իր դիրքերը: Մյուս կողմից էլ առկա են լրջագույն ռիսկեր, Փաշինյանը գիտակցում է, որ քաղաքական դաշտում տեղի են ունենում խմորումներ, հանրային պահանջարկը ձևավորվում է նոր ուժեր, որոնց դեմ վարչապետը չի կարողանալու շահարկել «նախկինների» թեզը և այդ ուժերը կարող են հաղթանակ տանելով Փաշինյանին խաղից դուրս թողնել:
Հաջորդ խոշոր խաղացողը ՀՀԿ-ն՝ ՍԵրժ Սարգսյանի գլխավորությամբ: Ավելորդ է նշել, որ ՀՀԿ-ի առավելություններից է քաղաքական կուռ թիմի առկայությունը, կազմակերպչական ռեսուրսները: Չմոռանանք նաև, որ ՀՀԿ-ն հեղափոխությունից երեք տարի անց էլ շարունակում է իր ձեռքում պահել բավական լուրջ քաղաքական լծակներ, խոսքը՝ ՏԻՄ ղեկավարների մասին է՝ գյուղապետերի, համայնքապետերի և քաղաքապետերի: Նրանց մեծ մասը հեղափոխությունից հետո շարունակել է պաշտոնավարել` առևերույթ պահպանելով լոյալությունը գործող իշխանություններին: Հայաստանի քաղաքական դաշտում մշտապես էլ պայքար է ծավալվել հատկապես ՏԻՄ հանդեպ վերահսկողության սահմանման համար, քանի որ հայաստանյան իրականության մեջ՝ հատկապես ընտրությունների ժամանակ, այդ հանգամանքը զգալի առավելություն է ապահովում: Այս տեսանկյունից ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի համար միանշանակ ձեռնտու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, սակայն վերջինս թիմի ներսում հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ ընտրությունների, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չներկայացնի: Ընդ որում, ուշագրավ է, որ Փաշինյանի հրաժարականի շուրջ կոնսենսուսը առկա է բոլոր ընդդիմադիր ուժերի մոտ, սակայն միայն Սերժ Սարգսյանն է, որ հայտարարել է վարչապետի՝ պաշտոնում մնալու դեպքում ընտրություններին չմասնակցելու մասին:
Մյուս խոշոր խաղացողը դաշտում ԲՀԿ-ն է՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: ԲՀԿ-ն, տիրապետելով քաղաքական և կազմակերպչական ռեսուրսների, ունենալով լայն ներկայացվածություն նաև մարզերում, մշտապես կարողացել է ապահովել կայուն ընտրազանգված և ձայներ: Ստեղծված իրավիճակում՝ պատերազմից հետո ԲՀԿ-ն հավակնում է շատ ավելի մեծ ձայներ հավաքելուն, քան 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հետևաբար՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ԲՀԿ-ին ձեռնտու է, քանի որ մեծ է ԱԺ-ում ներկայացվածությունն ավելացնելու հավանականությունը:
Ես մեկ խաղացող դաշտում Ռոբերտ Քոչարյանն է, ում դիրքերը, սակայն, թուլացնում է ծանրակշիռ քաղաքական պլատֆորմի բացակայությունը՝ ի դեմս սեփական քաղաքական թիմի: Նաև չի երևում թե ինչի հաշվին մոտ ապագայում այդ պլատֆորմը կարող է ձևավորվել: Քոչարյանի գլխավոր ռեսուրսը ռուսական քաղաքական իսթեբլիշմենթի հետ վերջինիս կապերն են և ընդգծված բարեկամական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ: Հասկանալի է, որ երկրորդ նախագահը ձգտելու է քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա ստեղծել և այնուհետև գործընթացներին մասնակցել հենց այդ քաղաքական ուժերի միջոցով: Սակայն, վերը նշված կոնսոլիդացիայի ձևավորման մեջ մեծ դեր է խաղալու հենց ռուսական գործոնը, իսկ 17+ ձևաչափի մաս կազմող բոլոր ծանրակշիռ քաղաքական ուժերը այսօր ունեն իրենց սեփական քաղաքական խաղը, ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ առնվազն այս փուլում Քոչարյանը չունի լուրջ խաղացողներ, որոնց վրա կկարողանար հենվել:
Հիմնական խաղացողներից մյուսը ՀՅԴ-ն է, որը թեև աչքի չի ընկնում իր մեծ ընտրազանգվածով, սակայն դաշտում ունի իր քաղաքական «նիշան»` ի հաշիվ կայուն քաղաքական գծի՝ խոսքը ազգային արժեքների պահպանման, ազգայնական քաղաքական գծի մասին է: ՀՅԴ դիրքերը ամրապնդվել են նաև ազգայնական մեկ այլ ուժի՝ Սասնա Ծռերի վերջին շրջանում արձանագրած պասիվության և թուլացման ֆոնին: Կարևոր դեր ունի նաև այն սերընդափոխությունը, որը տեղի ունեցավ ՀՅԴ-ում, ի դեմս Իշխան Սաղաթելյանի` այս ուժը հաջողում է նորովի ներկայանալ դաշտում և առաջ քաշել նոր գաղափարներ:
Քաղաքական դաշտի հիմնական խաղացողների ռեսուրսների և դիրքավորման վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այս պահի դրությամբ դաշտում որոշակիորեն առավել շահեկան դիրքում են ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն: Մյուս քաղաքական խաղացողները, ունենալով պոտենցիալ, այս կամ այն գործոնի բացակայության կամ թույլ լինելու պատճառով այս պահին չեն կարող հավակնել լիդերությանը քաղաքական դաշտում և առավել ևս՝ արտահերթ ընտրություններում լուրջ հաջողություններ արձանագրելուն: Ի դեպ, դրանց անցկացումն էլ դեռ հարցականի տակ է՝ Փաշինյանի թիմակիցների շրջանում գնալով ամրապնդվում է այն միտքը, որ ընտրությունները պետք է լինեն ոչ թե արտահերթ, այլ հերթական և Փաշինյանը պետք է դիմանա մինչև 2023 թվականը, մի բան, ինչը կապիտուլյացիոն ակտ ստորագրած վարչապետի համար անչափ բարդ իրագործելի խնդիր է թվում..