Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի թափուր պաշտոնում ընտրեց «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին:

ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 89 պատգամավոր: Գագիկ Ջհանգիրյանի օգտին կողմ է քվեարկել 86, դեմ՝ 3 պատգամավոր:

Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ ամբիոնից երդվեց. «Ստանձնելով ԲԴԽ անդամի բարձր պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ իմ պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորեց Ջհանգիրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: