
Բարդ է ապրիլի 10-ը տեսնել, ամեն դեպքում կյանքը կշարունակվի, աշխարհը փուլ չի գա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե կոչ է անում մարդկանց ապրիլի 9-ին մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը, ապա ի՞նչ կառաջարկի անել ապրիլի 10-ին. «Կարծում եմ՝ ապրիլի 9-ից շատ բան է կախված, կախված է, թե ինչքան ժողովուրդ կգա, ինչքան մարդիկ իրենց իրավունքների, իրենց տված ձայների համար կգան և տեր կկանգնեն, տրամադրվա՞ծ են արդյոք մինչև վերջ պայքարել, թե՞ հենց այնպես կգան, շատ գործոններ կան, որ հենց ապրիլի 9-նն է թելադրում ապրիլի 10-ի հեռանկարը:
Առհասարակ, ապրիլի 9-ի սցենարը դեռ պարզ չէ, չի քննարկվել, չգիտեմ թե որտեղից և ինչից է երևում, որ հիմնական մեխը երդման արարողությունն է»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, որ փաստորեն, ապրիլի 10-ի գործողությունների որևէ առաջարկ առայժմ չունեն՝ Պ. Մակեյանն ասաց. «Ես միշտ ասել եմ՝ գործընթացները բաժանվելու են երկու փուլի. սա առաջին փուլն է, որը սահմանափակվում է ապրիլի 9-ով, դրանից հետո նոր փուլ է սկսվում, որն էլ կախված է լինելու ապրիլի 9-ից:
Եթե վերջին երկու տասնամյակի սցենարը եղավ, ուրեմն նորից մտնում ենք նույն շրջափուլի մեջ՝ ոչ լեգիտիմ իշխանության գոյությամբ մենք ձգտում ենք հասնել գոնե արտահերթ ընտրությունների: Իսկ եթե փոխվում է իրավիճակը՝ ժողովուրդն ինչ-որ բանի հասնում է ապրիլի 9-ին, ապա ապրիլի 10-ին լրիվ ուրիշ սցենար է սպասվում»,-եզրափակեց ՀԱԿ նախկին անդամը: