Տեղեկատվությունը մտահոգիչ է, նաև բեռնատարների վարորդների հարազատները քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեցին և ուզում էին հասկանալ, թե ով է պատասխանատու այս ամենի համար: Արդեն երկու դեպք ունենք արձանագրված, որ Մառնեուլիում հարձակվում են մեր բեռնատարների վրա, քարերով վնասում են ապակիները, և ադրբեջանցիները անընդհատ պրովոկացիաներ, սադրանքներ են հրահրում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանին սահմանակից Մառնեուլիում երեկ կեսգիշերն անց ադրբեջանցիների կողմից հայկական բեռանատար մեքենաների շարասյան վրա հարձակմանը: Վերջիններս ջարդուխուրդ են արել բեռներ փոխադրող մոտավորապես 40 մեքենա:
«Ես կարծում եմ այս հարցը պիտի ուղղել ՀՀ իշխանություններին, որոնք հետևողականորեն և համառորեն փորձում են բարիդրացիականություն և խաղաղասիրություն քարոզել Ադրբեջանի հետ: Քիչ առաջ մասնակցում էի Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի քաղաքական խորհրդի նիստին, և այնտեղ դեբատ տեղի ունեցավ իմ և ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի միջև: Նա հարց բարձրացրեց՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի հայկական և ադրբեջանական պատվիրակությունները, կողմերը այսուհետ կարողանան խաղաղ գոյակցել և համագործակցել, ես պատասխանեցի՝ պետք է ընդամենը, որ Ադրբեջանը այս փուլում անհապաղ ազատ արձակի հայ ռազմագերիներին, որոնց Ալիևը համարում է ահաբեկիչներ, պետք է, որ իրենք մարդու իրավունքի և արժանապատվության դեմ խայտառակ քայլեր չանեն, ինչպես շարունակում են անել, անգամ, պատերազմից հետո»,- ընդգծեց Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նկատեց, որ այդ պայմանները, նախևառաջ, պիտի ներկայացնենք նաև Հայաստանի իշխանությանը, որը տվյալ դեպքում պարտավոր է ապահովել մեր վարորդների անվտանգությունը. «Քանի որ Հայաստանում իշխանությունը այլևս պարալիզացված է, և չգիտեմ, թե ով պիտի բանակցի վրացական իշխանությունների հետ և կա արդյոք այդ մեկը: Ի պաշտոնե դա պետք է անի արտգործնախարարը, բայց ի դեմս նրա, մենք տեսնում ենք անդեմ մի զանգվածի, որը բացի Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգները կատարելուց, որևէ այլ բան անել ի վիճակի չէ: Ես չգիտեմ, թե այս հարցն ինչպես պետք է լուծվի, որովհետև այս իշխանությունը այլևս ադեկվատ չէ որևէ երկրի հետ բանակցություն վարելու»:
«Իմքայլականները դուրս են իմ հետաքրքրությունների տիրույթից, բայց, քանի որ դեռևս իրենք են իշխանության, և այս մտածելակերպը ուղղակիորեն վտանգում է ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, ես ընդամենը կարող եմ ասել՝ ինչքան մեր բեռնատարները անվտանգ անցնում են Մառնեուիլով, այնքան էլ մեր քաղաքացիները կարող են անվտանգ Ադրբեջանի տարածքով անցնել դեպի Ռուսաստան. սա իհարկե կատարյալ անհեթեթություն է»,- նշեց պատգամավորն, ապա ավելացրեց՝ «Ադրբեջանում հայատյացությունը շարունակում է մնալ խայտառակ աստիճանի: Ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ, քաղաքացիների մասին էլ չեմ խոսում, անում են նման արտահայտություններ՝ «Լավագույն հայը մեռած հայն է», «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ երեխաներին» և այս իրավիճակում մտածել անվտանգ ճանապարհների և ապաշրջափակման գոտիների մասին՝ անհեթեթություն է»:
Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե ադրբեջանական պատվիրակության ղեկավարը ինչ պատասխան է տվել իր ներկայացրած պահանջներին. «Բացարձակ որևէ պատասխան չտվեց և, քանի որ ԵԽԽՎ նիստը մեկնարկել է այսօր՝ դեռ կբարձրացնենք, առաջին հերթին, ռազմագերիներին վերադարձնելու հարցը»: