ՀՀ-ում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո սահմանված կարգով ձևավորվեցին նաև միջխորհրդարանական պատվիրակություններ, այդ թվում` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը, որը գլխավորում է նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը: Թե ինչ ՕԳԳ ունի այդ պատվիրակությունը իր աշխատանքներում` կարելի է եզրակացնել հակահայկական բանաձևերի թվից, որոնք հեղափոխությունից հետո շրջանառվում են ԵԽԽՎ-ում: Վերջին օրինակներից մեկը՝ Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Վրաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական պատվիրակության ղեկավարի, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրոպական խորհրդարանի զեկուցողների համատեղ հայտարարությունն էր ամիսներ առաջ, որի համաձայն` Հայաստանը փաստացի օկուպանտ երկիր է համարվել, այն պատճառով, որ ցանկանում է Հայաստան-Արցախ նոր ճանապարհ կառուցել: Նախկինում նմանատիպ երկու ճանապարհներ են կառուցվել, սակայն Հայաստանը օկուպանտ պետություն չի համարվել, տարածքներն էլ չեն կնքվել իբրև օկուպացված: Ի՞նչ էր արել հայկական պատվիրակությունը նման զարգացումները կանխելու համար: Թերևս ոչինչ. պատվիրակության ղեկավարը անչափ զբաղված էր, նա ժամանակ չունի զբաղվել ադրբեջանական լոբբինգին հակազդելով, շատ ավելի օրակարգային էր ներքաղաքական ընդդիմախոսների դեմ պատվիրված ստատուսներ ձոնելը:
2019 թվականի հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկման էր դրվել Ալան Ֆարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում. խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը: Փաստաթղթում կային հակահայկական ձևակերպումներ: Պատվիրակության ղեկավարը Հայկ Կոնջորյանն է:
2020 թվականի մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է մի բանաձև, որը, մեղմ ասած, չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից։ «Եվրոպական պառլամենտի հանձնարարականը Խորհրդին, Հանձնաժողովին և Հանձնաժողովի փոխնախագահին/ Գերագույն հանձնակատարին` Արևելյան գործընկերության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գծով 2020 թվականի հունիսյան գագաթնաժողովի կապակցությամբ» բանաձևի նախագծում, մասնավորապես, ասվում է․ «Վերահաստատել ԵՄ հանձնառությունը ԱլԳ երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքական անկախությանը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում և սատարել այս սկզբունքները ամբողջապես պարտադրելուն ուղղված նրանց ջանքերին»
Երեկ էլ պարզ դարձավ, որ որ հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը չի ներառվել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում: Հիշեցնենք՝ նիստի ընթացքում հայ ռազմագերիների վերադարձի անհիմն ձգձգման մասին հրատապ քննարկում կազմակերպելու առաջարկ էր ներկայացվել: Վեհաժողովի պատվիրակների մեծ մասը կողմ է քվեարկել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու մասին առաջարկին:
Չթվենք ԵԽԽՎ-ում և միջազգային մյուս կառույցներում հեղափոխությունից հետո արձանագրած ձախողումները, դրանք չափվում են տասնյակներով: Համեմատականի համար պարզապես նշենք, որ նախորդ տարիներին ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերը նույնքան եզակի էին, որքան պրոֆեսիոնալները գործող իշխանությունների կազմում: Նման ընդամենը երեք դեպք կարելի է հիշել, որոնք սակայն, հետագայում չեզոքացվել են հայկական պատվիրակության ակտիվ ջանքերի և աշխատանքի շնորհիվ: