Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ քննարկել ենք հարցերի լայն շրջանակ. Արցախ այցի շրջանակներում ունեցած պաշտոնական հանդիպումների արդյունքների ամփոփման ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ հարցերի առաջին խումբն առնչվել է Արցախի սահմանների պաշտպանությանն ու ազգաբնակչության անվտանգության ապահովմանը, երկրորդը՝ Արցախի կարգավիճակին, երրորդ խումբը՝ Արցախի բնակչության առջև ծառացած սոցիալ ֊ տնտեսական խնդիրներին։

«Մենք' իբրև Դաշնակցություն, մեկ անգամ ևս վերահաստատեցինք, որ ՀՅԴ֊ն իր համահայկական ողջ կառույցով և հնարավորություններով պատրաստ է ամբողջական և գործուն մասնակցություն ունենալ այս երեք ուղղությամբ իրականացվող աշխատանքներին»,- նշեց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ Դաշնակցության կամավորներն անհրաժեշտության դեպքում պատրաստ են կրկին պաշտպանել հայրենիքի սահմանները։

Հանդիպումների ընթացքում երկուստեք բացառվել է Արցախի կարգավիճակի ամրագրումն Ադրբեջանի կազմում։ Ըստ այդմ՝ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ հետագա քննարկումները շարունակելու և աշխատանքները համադրելու մասով ևս ձեռք է բերվել լրացուցիչ պայմանավորվածություն։

«ՀՅԴ֊ն իր համահայկական ողջ ներուժով, Հայ դատի գրասենյակներով և հանձնախմբերով պատրաստ է այս նոր իրավիճակում լծվել այդ աշխատանքներին», – փաստեց Ի. Սաղաթելյանը։

Սոցիալ֊տնտեսական ուղղությամբ ևս մի շարք աշխատանքներ կան իրականացնելու, և այստեղ ևս Դաշնակցությունը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ։

«Այս փուլում ամենակարևորն այն է, որ Արցախի բնակչությունն իր թիկունքում զգա 10 մլն հայության շունչը։ Մենք պետք է այսօր կանգնենք Արցախի և արցախցու կողքին, և դա չպետք է լինի խոսք, այլ' հստակ գործ։ Մենք պարտվելու իրավունք չունենք. ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, և դա պետք է տեղի ունենա համայն հայության աջակցությամբ, համատեղ մշակված քայլերով»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

«Կորցնել Արցախը' նշանակում է կորցնել Հայաստանի Հանրապետությունը և առհասարակ փակել հայ ժողովրդի պատմության վերջին էջը։ Ով, ով, բայց Դաշնակցությունը դա թույլ չի տալու», – եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։