Հայրենիքի պաշտպանությանն իր կյանքը նվիրեց նաև 30-ամյա Սուրեն Բաբայանը։ Նա սեպտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 6-ը անձնվիրաբար կռվեց: Կռվեց մինչև վերջին շունչը։ Սուրենին քչերն են ճանաչում իր անունով, նրան բոլորը անվանում են «Կապավոր Կյաժ», թե ինչու կապավոր, քանի որ թե՛ իր պարտադիր ժամկետային զինծառայության ընթացքում, թե՛ Արցախյան երկրորդ պատերազմում Սուրենը վերահսկել է կապի բաժինը։
«Կյաժս ծնվել և մեծացել է Փարաքարում։ Ինքը շատ զուսպ, աշխույժ, կյանքը սիրող և աստվածավախ էր։ Տղաս լավատես էր ամեն հարցում, օգնող ու կարեկցող էր բոլորին»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց հերոսի մայրը՝ Գալինա Բաբայանը։
Սուրենը շատ հայրենասեր էր, որտեղ ինքն էր, այնտեղ հայրենասիրական երգերն էին, և հենց այդ հայրենասիրությունն էր պատճառը, որ Սուրենը մասնակից եղավ հայրենի հողի համար մղվող պայքարին․ «Սեպտեմբերի 28-ին Կյաժս զանգեց ու ինձ հաջող արեց՝ ասելով, որ գնում է պատերազմ։ Ես չարգելեցի տղայիս, միայն ասացի՝ տղա՛ս, Աստված քո հետ, ոնց գնաս, տենց վերադառնաս․ անջատեցի հեռախոսը ու մի կուշտ լաց եղա »,- պատմում է Սուրենի մայրը։
Նույն օրը ռազմի դաշտ մեկնեց թե՛ Սուրենը, թե՛ իր միջնեկ եղբայրը՝ Անդրանիկը․ մայրը անդադար աղոթում էր իր երկու հերոս տղաների համար․ «Նույն տարվա մեջ երկու եղբայրները 6 ամսվա տարբերությամբ մեկնել էին պարտադիր զինվորական ծառայության, ստացվեց այնպես, որ երկուսով էլ նույն օրը մեկնեցին պատերազմ։ Ասացի՝ Աստվա՛ծ ջան, ուրիշ ոչինչ չեմ խնդրում, ինչպես սրտանց տղաներիս ուղարկում եմ բանակ, այդպես էլ բարով վերադառնան»,- հուզված նշեց տիկին Գալինան։
Ստացվեց այնպես, որ Սուրենը մեկնեց Աղդամ՝ հայրենիքի պաշտպանության, իսկ Անդրանիկը շատ ավելի թեժ կետեր։ Քանի որ սկզբնական շրջանում Սուրենը վերահսկում էր կապերը, իրեն այդքան էլ վտանգ չէր սպառնում, նա առավել շատ մտահոգվում էր իր եղբոր համար․ «Ամբողջ օրը երկու եղբայրներ զանգում էին ինձ՝ իրարից տեղեկանալու։ Կյաժս ասում էր՝ մա՛մ, երբ պիտի Անդրանիկը հետ գա, որ իմ խիղճը հանգիստ լինի։ Աստված մեր ձայները լսեց երևի, Անդրանիկս 20 օր կռվելուց հետո վերադարձավ տուն, իսկ Սուրենը դեռ մարտի դաշտում էր»,- ասաց Սուրենի մայրը։
Սուրենը հավատացել է իրենց հաղթանակին, և տանեցիների հետ խոսելիս միշտ ասել է, որ պատրաստ է մինչև վերջ գնալու, քանի որ պետք է հաղթեն և վերադառնան տուն։ Որքան էլ, որ Սուրենը հավատում էր իրենց հաղթանակին, բայցև չէր բացառում, որ այդ հաղթանակը կարող է այդպես էլ չտեսնել․ դա եղավ պատճառը, որ զոհվելուց մեկ օր առաջ՝ լուսադեմին, զանգահարեց մայրիկին՝ հրաժեշտ տալու․ «Շատ անհանգիստ ձայն ուներ, զանգահարեց ու կտրուկ հարցրեց՝ մա՛մ, ո՞նց ես, ասացի՝ հո բան չի եղել, տղե՛ս, որ էս ժամին ես զանգել, ինքն էլ ասաց, թե բան չի պատահել, ուղղակի ուզում էր որպիսությունդ իմանալ, ու հավելեց՝ անպայման դեղերդ կխմես, մա՛մ, դու ինձ շատ ես պետք»,- վերհիշում է տիկին Գալինան։
Մի քանի ժամվա տարբերությամբ Սուրենը, կանխազգալով ինչ-որ տարօրինակ բան, նորից զանգահարեց մայրիկին, բայց այս անգամ՝ արդեն հրաժեշտ տալու․ «Սկսեց նախաբանով, ասաց՝ մամա՛ս, քեզ բան ունեմ ասելու, քեզ պինդ կպահես, մինչև գամ, մեզ տեղափոխում են Շուշի, հնարավոր ա, որ կապի էլ չկարողանամ դուրս գալ, երբ հնարավորություն լինի, կզանգահարեմ քեզ։ Կյաժս այդպես էլ չզանգահարեց ինձ, բայց ես սպասում եմ նրա զանգին․․․»,- խորը ցավով նշեց հերոսի մայրը։
Սուրենի մայրը, որդուց գտնվելով բավականին մեծ հեռավորության վրա, կանխազգացել է, որ որդու հետ մի բան այն չէ, բայց մինչև վերջին պահն էլ հավատացել է նրա վերադառնալուն, ինչպես ասաց մեր զրուցակիցը՝ չէ՞ որ ինձ խոսք էր տվել տղաս․ «Մի քանի օր լուռ ցավս ներսումս պահելով՝ սպասել եմ որևէ խաբարի որդուցս, բայց այն չկար։ Նոյեմբերի 6-ի երեկոյան սկսեցի ինձ շատ վատ զգալ, այնքան վատ էի, որ ինձ տեղափոխեցին հիվանդանոց․ ներսումս տարօրինակ զգացողություն էր։ Էլ ավելի վատացա, երբ ծննդյանս օրը՝ նոյեմբերի 8-ին որդիս չզանգահարեց ինձ։ Ես ճանաչում եմ Կյաժիս, ինքը որտեղ էլ լիներ, կզանգահարեր ու կշնորհավորեր ծնունդս․ այդտեղ ես զգացի, որ մի բան այն չէ»,- արցունքն աչքերին պատմում է Սուրենի մայրը։
Սուրենի զոհվելու մասին գույժը նրա մայրիկին է հայտնում Սուրենի զինակից ընկերը։ Հերոսը զոհվում է թշնամու արձակած գնդակից․ «Զինակից ընկերը պատմեց, որ Սուրենը Աղդամում օգնել է բոլորին, ով ծխախոտ չի ունեցել, գնացել է գտնելու, ով վիրավոր է եղել ցույց է տվել առաջին բուժօգնությունը։ Իսկ Շուշիում Սուրենը ինքնակամ թողել է կապի իր բաժինը և զենքը առել ձեռքին՝ շարժվելով առաջ։ Որդուս ընկերը ինձ ասաց՝ դուք հերոսի մայր եք, ձեր որդին ընկավ հերոսաբար»,- դողացող ձայնով ասաց Սուրենի մայրը։
Վերջինս չի ցանկանում հիշել, թե ինչպիսին էր որդու դիակը, երբ գնացել էին այն ճանաչելու, տեսարանը ցավոտ էր․․․ «Ի վերջո, պետք է ճանաչեինք որդուս դիակը։ Թշնամին կրակել էր ուղիղ Կյաժիս ճակատին, սպանելով որդուս, թուրքը չի բավարարվել, կոտրել են տղայիս քիթը, ատամները, ամբողջ մարմինը սարքել են ցան»,- մեծ ցավով նշեց հերոսածին մայրը։
Հերոսի մարմինը ամփոփված է Եռաբլուրում, որտեղ դեռ նրա շիրմաքարը չկա կանգնեցված։ Մեր և տիկին Գալինայի հեռախոսազրույցից հետո հաճելի մի բան պատահեց, որով մեզ հետ կիսվեց Սուրենի մայրը․ «Հենց նոր ինձ զանգ եկավ, Կյաժիս զինակից ընկերներից էր, խնդրանքով դիմեց ինձ՝ «Կապավոր Կյաժը» արժանի չի, որ միայն նկար լինի գերեզմանին, թույլ տվեք, որ իր շիրմաքարը ես պատրաստեմ։ Ասացի, խնդրեմ տղաս, եթե մտքովդ անցել է, ես չեմ առարկում։ Սա ևս մեկ ապացույց, թե որքան բարի է եղել իմ տղան, որ բոլորը ցանկանում են մի լավ բան անել թե՛ Կյաժիս և թե՛ մեր ընտանիքի համար»,- հպարտությունը միախառնված խորը վշտին՝ ասաց «Կապավոր Կյաժ»-ի մայրը։
Զվարթ Պետրոսյան