Գիտությունն ու կրթությունը պետք է լինեն ամեն ինչի կենտրոնում, դրանք մի ամբողջություն են և արհեստական է ցանկացած փորձ բարձրագույն կրթությունը գիտությունից անջատելու․ մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Նրա խոսքով՝ անվտանգությունը սկսվում է կրթությունից և ֆիզիակական ու ռազմական առումով անվտանգ կարող է լինել այն դեպքում, երբ «միտքն է անվտանգ». «Որպեսզի դուք տաք որակյալ բարձրագույն կրթություն, պետք է լինեք գիտության ակտիվ պուլսի վրա, այսպես ասած, որ տեղյակ լինեք՝ ինչ է կատարվում, որպեսզի տաք բարձրագույն որակյալ կրթություն։ Մյուս կողմից, որպեսզի գիտությամբ կարողանաք զբաղվել, պետք է ունենաք որակյալ բարձրագույն կրթություն ստացած կադրեր։ Առանց մեկի մյուսը գոյություն ունենալ չի կարող։ Այստեղ մենք լրջագույն խնդիր ունենք»,-ասել է նա։
Ըստ նախարարի՝ անվտանգություն ասելով պետք է հասկանալ «ուժեղ միտք ու ճիշտ գաղափար»։
«Անվտանգությունը պետք է սկսվի մեր գիտակցության մեջ։ Եթե մենք մեր առջև խնդիր դնենք այնքան ռազմարդյունաբերություն ունենալ, որ, չգիտեմ՝ աշխարհի հսկաների հետ հավասարը հավասարի խոսել, ես որևիցե պնդում չեմ անի այստեղ, բայց կարծում եմ՝ մտածելու առիթ կա։ Առանձին ուղղություններում, այո, մենք կարող ենք գրանցել արդյունք, որը չի կարող գրանցել կամ որը չի հաջողվի գրանցել գերտերություններին, որտովհետև սա մտքի արդյունք է։ Էն մյուսը տնտեսական արդյունք է։ Միտքը անսահմանափակ է, մեր մտքի մեծությունը կապ չունի մեր երկրի տարածքային մեծության ու տնտեսության ցուցանիշների հետ»,- ասել է նախարարը։
Դումանյանը նշել է, որ պետք է լուրջ վերաբերվել գիտությանը և դա անել ոչ միայն խոսքով. «Այս ֆինանսավորումը, որ այսօր ունենք գիտության, որևէ հրաշք մի սպասեք, որ տեղի կունենա գիտական աշխարհում՝ նման համեստ գումարների դեպքում։ Պիտի մտածենք։ Պետք է ձգտում լինի գիտնական, դասախոս դառնալու, բուհում աշխատելու։ Չունենք այսօր այդ մրցակցությունը։ Ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, շատ, էապես ավելի տաղանդավոր, քան որոշ մեր այլ երիտասարդներ, բայց այդ տաղանդավորներից շատերը, ցավոք սրտի, շատ բարձր գնահատվելով իրենց պրոֆեսիայով, ի՞նչ են անում՝ գնում են արտասահման և շատ բարձր վարձատրվող աշխատանքներով են զբաղվում, և ճիշտ են անում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։