33-ամյա պայմանագրային զինծառայող Մերուժան Մարտիրոսյանը, թողնելով տանը իր մայրիկին, կնոջն ու նորածին դստերը, մեկնեց ռազմաճակատ՝ հայրենիքը պաշտպանելու: Մերուժանը Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղից էր։ Միջնակարգ կրթությունը ստացել էր գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է «Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջ»-ի մշակույթի բաժնում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հերոսի քույրը՝ Իզաբելլա Մարտիրոսյանը:
Մերուժանը 2005-2007 թթ. պարտադիր ժամկետային զինծառայության է անցել Խոջալուի զորամասում. «Եղբայրս զինծառայությունը ավարտելուց հետո անցել է պայմանագրային ծառայության՝ բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության դերը։ Աշխատանքային պարտականությունները կատարում էր Ֆիզուլիի զորամասում սկզբում որպես ՀՄՄ մեխանիկ, ապա նույն վաշտի գլխավոր մեխանիկ»,- ասաց Մերուժանի քույրը:
 
Սերժանտ Մերուժան Մարտիրոսյանը առանց մեկ վայրկյան վարանելու 2016 թվականին մասնակցել է նաև Քառօրյա պատերազմին. «Շարունակելով մարտական ծառայությունը՝ ստացել է մի շարք պատվոգրեր, պարգևատրվել «Ծովակալ Իսակով», «Մարտական ծառայություն» մեդալներով»,- հպարտությամբ նշեց Իզաբելլան։
Ըստ քրոջ խոսքերի՝ Մերուժանը տարբերվում էր բոլորից իր անսահման բարությամբ ու նվիրումով. «Մերուժանը ընդհանրապես տարբերություն չէր դնում հարազատների միջև. բոլորին նայում ու վերաբերվում էր հավասար։ Նվիրված էր բոլորին, բավական էր իմանար, որ մեզանից մեկին օգնություն էր պետք, չէր հապաղում, նույն պահին օգնում էր ինչով, որ կարողանում էր»,- նշեց հերոսի քույրը:
 
Հայրենիքի նվիրյալը յուրահատուկ զգույշ և սիրալիր վերաբերմունք ուներ երեխաների հանդեպ, և դա էր պատճառը, որ իր առաջնեկի ծնվելուց նա «աշխարհով մեկ էր եղել».  «Անչափ սիրում էր փոքր երեխաներին։ Հուլիսի 3-ին, երբ ծնվեց եղբորս դուստրը, ուրախությանը չափ ու սահման չկար։ Կինը՝ Հերմինեն, պատմում էր, որ իրենից շատ էր Մերուժանը ուրախացել։ Ծառայությունից հենց տուն էր գալիս, առաջինը վազում էր երեխայի սենյակ՝ նրան գրկելու,սիրելու և կարոտը առնելու»,- պատմում է Իզաբելլան:
 
Մերուժանը նաև մասնակիցը եղավ իր կյանքում արդեն երկրորդ պատերազմին՝ Արցախյան երկրորդ պատերազմին. «2020 թ. սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտյան, տանը թողնելով կնոջը, 2 ամսական աղջկան, մորն ու հորը շտապեց մարտի դաշտ՝ մասնակցելու թշնամու նախահարձակ պատերազմական գործողություններին։ Մինչև հոկտեմբերի 28-ը կռվել է թշնամու զորքի, թուրք վարձկանների դեմ և քաջաբար զոհվել է Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մատույցներում։  Հոկտեմբերի 28-ին Մերուժանը նույնպես իր կյանքը զոհաբերեց հայենիքին՝ հաղթելու ու հայրենիքի պայծառ ապագայի վառ հույսերով»,- խորը ցավով ասաց մեր զրուցակիցը։
 
Մերուժանը քրոջ հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 28-ի առավոտյան. « Հարցրեցի՝ ինչպես է, ասաց, որ ամեն  ինչ կարգին է, սակայն հենց այդ պահին Շեխեր գյուղի մատույցներում թեժ մարտեր էին ընթանում թշնամու դեմ: Ինձ ասաց, որ չանհանգստանամ, որ ինքը լավ է, բայց ասաց նաև, որ թշնամու անօդաչուն գլխավերևում պտույտ է տալիս։ Ցավոք, դա իմ վերջին խոսակցությունն էր եղբորս հետ»,- սրտի ցավով ասաց հերոսի քույրը:
 
Զվարթ Պետրոսյան