Օրերս Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե Ռուսաստանի հետ սահմանները բացելուց հետո ավելի շատ մարդ է վերադարձել Հայաստան, քան մեկնել, այնինչ, ընդամենը 3 օրում Հայաստանի Հանրապետությունը լքել է ավելի քան 3900 մարդ:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի այդ հայտարարությանը, ասաց, որ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրենն էլ հայտարարել է, որ այդ օրերին ավելի շատ մարդ մեկնել է, քան վերադարձել:
«Բնականաբար, արտագաղթի որոշակի վտանգ կա ու այս վերջին մի քանի օրերի ընթացքում գրանցած ցուցանիշները դրա մասին են վկայում: Դրա պատճառը երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակն է և օբյեկտիվ է, որ մարդիկ, Հայաստանում չկարողանալով վաստակել իրենց ապրուստի միջոցը, լքում են երկիրը՝ արտերկրում աշխատանք գտնելու և իրենց ընտանիքի կենսապահովման միջոցները ապահովելու համար»,- նշեց տնտեսագետը:
Դիտարկմանը, թե միայն ապրուստի միջոցներ որոնելն է արտագաղթի պատճառը, տնտեսագետը նշեց, որ այլ պատճառներ ևս կան. «Թե՛ քաղաքական, թե՛ հատկապես անվտանգային խնդիրները ևս արտագաղթի պատճառ են, բայց, ամեն դեպքում, առաջնայինը պետք է դիտարկել ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, որից հետո միայն մյուս բաղադրիչները»:
Տնտեսագետը վստահ է, որ արտագաղթի նման միտումները կհանգեցնեն բազմաթիվ բացասական հետևանքների. «Բավական մեծ արտագաղթի ալիք կունենանք՝ իր բոլոր բացասական հետևանքներով: Կորուստներ կլինեն թե՛ ժողովրդագրական իմաստով ՝ ծնելիության, բնակչության թվաքանակի և այլնի առումով, թե՛ տնտեսական առումով ու որոշակի իրավիճակի վատթարացում՝ սպառման ծավալների, համախառն ներքին արդյունքի և այլնի առումով: Այսինքն՝ մեծ իմաստով արտագաղթի տեմպերը նույնը մնալու դեպքում, ինչպիսիք նկատվեցին վերջին 4-5 օրերի ընթացքում, մենք լրջագույն խնդիրներ կունենանք»:
Պաշտոնական վիճակագրությունը ևս փաստում է, որ մենք այսօր տնտեսական ծանր վիճակում ենք. «Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թվականի ընթացքում նվազել է 7.5 տոկոսով, տնտեսության բոլոր ճյուղերը անկում են գրանցել՝ սկսած առևտրից մինչև ծառայությունների ոլորտ: Արտահանման-ներմուծման ցուցանիշները ևս նվազել են ու այս բոլորը խոսում են հենց լրջագույն խնդիրների մասին, ու փաստացի, որոնց դիմակայելու որևէ բան Կառավարությունը չի անում»,- ընդգծեց Խաչատրյանը:
«Այնպես չէ, որ պատճառը բացառապես համավարակն է, կամ պատերազմը, որովհետև, եթե նայենք համավարակի ազդեցությանը, ապա դա ամբողջ աշխարհում է եղել, բայց մեր երկիրը 2 անգամից ավելի մեծ չափով է անկում գրանցել, քան, օրինակ, համաշխարհային միջինն է: Աշխարհի մակարդակով տնտեսությունը նվազել է 3.5 տոկոսով, մեզ մոտ՝ 7.5-ով, այսինքն՝ այստեղ պատճառը պետական կառավարման համակարգում լրջագույն խնդիրներն են»,- նկատեց տնտեսագետը:
Կորոնավիրուս, պատերազմ, պետության անգործություն. ահա այն 3 հիմնական գործոնները, որոնց պատճառով տնտեսության նման անկում ենք գրանցել:
Արփինե Հակոբյան