Հայաստանը միշտ եղել է Արցախի անվտանգության երաշխավորը եւ արցախցին իրեն միշտ պաշտպանված է զգացել այդ առումով, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով եւ նրա կառավարության հետ մեկտեղ Արցախը կորցրեց այդ անվտանգության երաշխավորին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Արցախի հայացքը ինչպես դեպի Հայաստան էր, այդպես էլ կա, բայց իշխանությունները դավաճանելով, Արցախը հանձնելով կորցրեցին իրենց բոլոր հնարավորությունները լինելու Արցախի անվտանգության երաշխավորը։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի ունենա այդ քաջությունը ոտք դնելու Արցախ, որովհետեւ չկա գոնե մի արցախցի, որ անտարբեր լինի այս հարցի հանդեպ։ Արցախցին Նիկոլ Փաշինյանին իր տիկնոջ հետ միասին միայն անեծքների տարափ է հնչեցնում։ Նրանք դավաճանած եւ Արցախը հանձնած իշխանություններ են, ինչպե՞ս պետք է մուտք գործեն Արցախ։ Նույն ձեւով Արծրուն Հովհաննիսյանն էր հոխորտում օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովի ամբոնից, առաջարկել եմ՝ գա այստեղ եւ Վերածննդի հրապարակից նույն հայտարարություններն անի, այն դեպքում, երբ նա մեր բոլորի աչքերի առաջ բունկերում նստած, չէր ասում՝ հաղթելու ենք, բազմիցս ասել է՝ հաղթել ենք, հաղթում ենք։ Նույն հաջողությամբ Հադրութը հանձնելուց մեկ օր առաջ հայտարարեց, որ հաղթել ենք եւ ինքը Հադրութում է։ Այն դեպքում, երբ ինքը նստած էր Ստեփանակերտի համար 1 դպրոցի ապաստարանում»,-ասաց նա։
Պատգամավորի կյարծիքով` այս ամենը բոլորի մեղավորությունն է, քանի որ նրանք անպատժելիության զգացում ունեն, արդեն 3 ամիս անցել է եւ հասկացան, որ այս հարցում մեր ազգը միահամուռ չեղավ, եւ իրենք կարողացան պատժից խուսափել։
«Դրա համար այսօր անպատժելիության զգացումով նույնիսկ կարողանում են հոխորտալ ու նայել մեր աչքերին եւ ստել։ Նաեւ շարունակում են իրենց թրքահաճո գործողությունները, երկու օր առաջ հաստատեցին կրթական չափորոշիչները, Հայաստանի վարչապետը իր թուրքահպատակ թիմի հետ միասին կատարեց իր հերթական քայլ, 10 միլիոն դոլարով մեր պատմությունը վաճառեց թուրքերին ու թուրքերի գրած չափորոշիչները հաստատվեցին։ Ինձ համար շատ զարմանալի է, որ այս հարցը նորից մնաց անարձագանք Հայաստանում եւ Արցախում»,- հավելեց նա։
Մետաքսե Հակոբյանի կարծիքով` պատերազմը չպետք է այդքան երկար տեւեր այլ պետք է դիվանագիտությամբ հարցերը լուծվեին:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում