Ինչպես գիտենք՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է ստեղծել ներքին գործերի նախարարություն: Այսօր արդեն ազդարարվեց, որ այդ գործընթացը օրակարգային է և մեկնարկել է: Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է պետք ոստիկանության նմանատիպ ռեֆորմը, եթե հաշվի առնենք, որ ներքին գործերի նախարարություն ստեղծելու գաղափարը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանինն է, որին ժամանակին ընդիմացավ ոստիկանապետը և այդ գաղափարը այդպես էլ միս ու արյուն չստացավ:
Տվյալ ռեֆորմով Նիկոլ Փաշինյանը միաժամանակ մի քանի խնդիր է լուծում: Նախ և առաջ' ոստիկանությունը մտնելու է ներքին գործերի նախարարության մեջ, հետևաբար՝ դառնում է առավել վերահսկելի:
Ներքին գործերի նախարարի պաշտոնը քաղաքական է լինելու, հետևաբար Փաշինյանը այլևս ստիպված չի լինելու ոստիկանության ղեկավար նշանակել կադրային սպայի: Ինչպես գիտենք՝ սպաների հետ Փաշինյանը հեշտությամբ լեզու չի գտնում, ինչը չես ասի իր հետ քայլած երիտասարդների մասին, որոնցից մեկն էլ, ըստ էության, դառնալու է այդ նոր սուպեր նախարարության ղեկավարը:
Ստեղծվելու է ազգային գվարդիա, որը կզբաղվի և՛ պետական պահպանությամբ, և՛ անհրաժեշտության դեպքում զանգվածային անկարգությունների կանխմամբ ու խափանմամբ: Այսինքն՝ Փաշինյանը այս ռեֆորմով ստեղծում է իր սեփական մինի-բանակը, որը միտված է լինելու կոնկրետ քաղաքական խնդիրների լուծմանը և ընդդիմադիր սեգմենտի հետ հաշվեհարդար տեսնելուն...