44 օրյա պատերազմի հետեւանքով զոհված, վիրավորված եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքների առաջ հանրային ու պետական պատասխանատվություն ունենք։ «Բանկային համակարգը ԿԲ-ի միջոցով տեղեկացվա՞ծ է զոհված, անհետ կորած հերոսների վարկային պարտավորությունների վերաբերյալ»,- ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ պարզաբանումներ ակնկալելով ստանալ կառավարությունից։

«Առ այսօր իրականացրել ենք շուրջ 20 միջոցառում»,- ի պատասխան հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ մոտավոր ծախսերի հանրագումարը 15 միլիարդ է։

Սերգեյ Բագրատյանը տեղեկացրեց, որ անձամբ դեպք գիտի, որ բանկից զանգել ու զոհվածի վարկային պարտավորությունը պահանջել են այն դեպքում, երբ պետությունը դեռևս իր պարտավորությունը չի կատարել զոհվածի ընտանիքի նկատմամբ: Պատգամավորն առաջարկեց զոհվածների ցուցակները բանկային համակարգին տրամադրել, խնդրել չանհանգստացնել նմանօրինակ ընտանիքներին, մինչև համապատասխան լուծումներ գտնեն:

Մհեր Գրիգորյանն էլ պատասխանեց՝ այն դեպքը, որ պատգամավորը նկարագրում է՝ միտումնավոր չէ։

«Շահառուի նույնականացման գործընթացում մենք պետք է շատ զգոն լինենք և զգույշ լինենք։ Բայց նաև չպետք է իրականացնենք գործողություններ, որոնք կհանգեցնեն անարդյունավետ միջոցառումների, որոնց շահառու չի հանդիսանա այն մարդը, որի մասին խոսում ենք։ Կարծում եմ, ձեր ասածը միտումնավոր տեղի չի ունեցել։ ԿԲ-ի ուշադրության կենտրոնում է խնդիրը և մաքսիմալ հնարավորինս կոնտակտները նվազեցված են և զիջումների գործընթացը բավականին ինտենսիվ ընթանում է։ Միաժամանակ լինում են դեպքեր, երբ նույնականացված գործընթացում խնդիրներ են առաջանում, որը լուծելով պետք է գնանք»,- ասաց փոխվարչապետը։