ՀՊՏՀ Ընդհանուր բաժնի պետ Գայանե Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտարարելով, թե Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը կատարում է գործողություններ, որոնք հանգեցնում են համալսարանի բյուջեի միջոցների վատնման:

«Տեղեկացնում եմ, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը կատարում է գործողություններ, որոնք առերևույթ դիտավորությամբ հանգեցնում են համալսարանի բյուջեի միջոցների վատնմանը: Սույն թվականի փետրվարի 10-ին Ընդհանուր իրավասության դատարանը վճռել է և մանրամասն նկարագրել, որ հաստիքի փոփոխության հիմքով (ճարտարագետ-էներգագետը արհեստականորեն դարձել էր ճարտարագետ-շինարար) Խաչատուր Ավետիսյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին Դիանա Գալոյանի հրամանն անօրինական է եղել, որովհետև, ըստ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի, գործատուն պարտավոր է աշխատողին առաջարկել նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, սակայն չի առաջարկել:

Այս անօրինական որոշման հետևանքով դատարանը վճռել է վերականգնել աշխատողին իր նախկին պաշտոնում և համալսարանից հօգուտ աշխատակցի բռնագանձել շուրջ 4մլն դրամ: Դիանա Գալոյանը, չբավարարվելով իր ակնհայտ անօրինական գործողությունների հետևանքով համալսարանի բյուջեին պատճառվող միլիոնավոր դրամների վնաս, այժմ որոշել է կրկնել ճիշտ նույն ապօրինությունը՝ ունենալով դատարանի վճիռը և լավ գիտակցելով իր գործողությունների հետևանքը: 2012թ.-ից աշխատում եմ ՀՊՏՀ-ում, իսկ 2019 թ.-ի մայիսի 13-ից ղեկավարում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ընդհանուր բաժինը, որը կազմակերպում է համալսարանի գործավարությունը, արխիվի, ինչպես նաև հատուկ մասի աշխատանքները: Սույն թվականի փետրվարի 5-ին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանից ստացել եմ ծանուցում առ այն, որ հաստիքի կրճատման պատճառով ապրիլի 8-ից ազատվում եմ աշխատանքից, և հնարավորությունների բացակայությամբ պայմանավորված ինձ այլ աշխատանք չի առաջարկվում: Տեղեկացնում եմ, որ իմ ղեկավարած Ընդհանուր բաժնից, որի մեջ մտնում էր Հատուկ մասը, առանձնացվել է վերջինս, ստեղծվել է համալսարանի Հատուկ բաժին, սակայն ինձ ոչ միայն այդ բաժնի ղեկավարի հաստիքը չի առաջարկվել, այլև նույնիսկ գործավարի հաստիք չի առաջարկվել: Իսկ համալսարանի արխիվի աշխատանքների կազմակերպումը ներառվել է նորաստեղծ Հատուկ բաժնում, սակայն միայն անվանումը հուշում է, որ արխիվը Հատուկ բաժնի աշխատանք չէ, և դա արվել է հաստիքների արհեստական փոփոխության նպատակով:

Այսինքն, թեև դատարանի վճիռ կա, որ այդ անօրինական մոտեցումը հանգեցնում է համալսարանի բյուջեի միջոցների անտեղի վատնման, տիկին Գալոյանը Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի կրկին կոպտագույն խախտմամբ, ինձ չի առաջարկել վերոնշյալ աշխատանքներից որևէ մեկը, որոնք առկա են և համապատասխանում են իմ մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը և առողջական վիճակին:

Ինձ և ապօրինաբար ազատված նախորդ աշխատակցին /Խաչատուր Ավետիսյանին/ ընդհանրացնում է միայն այն, որ համալսարանի ռեկտորը ցանկացել է ազատվել մեզանից՝ համալսարանում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ սեփական կարծիքն ունենալու պատճառով: Բնականաբար նույն կերպ դիմելու եմ դատարան և վերականգնեմ իմ իրավունքները, սակայն անհասկանալի է, թե Դիանա Գալոյանի դիտավորությամբ գործողություններից ինչու պետք է տուժի համալսարանը, որի բյուջեի միջոցները ձևավորվում են ուսանողների վճարած վարձավճարներից ու պետական ֆինանսավորումից և վատնվում այսպիսի եղանակով: Այս ապօրինությունների պատասխանատվությունը պետք է կրի անձամբ Դիանա Գալոյանը, որի վերաբերյալ ներկայացնելու եմ հաղորդում հանցագործության մասին»,-հայտնել է Գայանե Մուրադյանը: