Հարգելի հայրենակիցներ
Ինձ ապօրինի կալանավորելուց հետո որոշ լրատվամիջոցներ տարածեցին կեղծ լուրեր, որ իբր ես հանդիսացել եմ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ինչին հաջորդեց իմ հերքող հայտարարությունը, առ այն, որ «ես երբեւէ չեմ հանդիսացել որեւէ նախարարի խորհրդական, երբեք չեմ զբաղեցրել որեւէ պաշտոն, ինչպես ՀՀ Պաշտպանության նախարարությունում, այնպես էլ պետական այլ գերատեսչություններում։
Կռահելով, թե որ անձանց շրջանակներին է ձեռնտու նման կեղծ տեղեկությունների տարածումը եւ վստահ լինելով, որ քրեական գործի քննության ընթացքում հերքվելու են ինչպես այդ, այնպես էլ նախաքննության մարմնի կողմից հրապարակված այլ տվյալները՝ հորդորել էի նման լուրեր տարածողներին, այսուհետ ձեռնպահ մնալ այդպիսի գործելաոճից»։
Սակայն, ի հակառակ նախկինում իմ կողմից հնչեցված հորդորների Ազատություն ռադիոկայանը 07․02․2021 թվականի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի ընթացքում երկու անգամ, միտումնավոր շեշտում է իմ՝ իբր պաշտպանության նախարարի խորհրդական լինելու հանգամանքը։ Իսկ հաղորդման հյուր հանդիսացող անձը՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, քաջատեղյալ լինելով այս կեղծ տեղեկատվության մասին, որևէ կերպ չի հերքում այդ հանգամանքը։
Այս պահին չանդրադառնալով այդ հաղորդաշարի ընթացքում հնչեցված անհեթեթ մտքերին հայտնում եմ, որ արդեն ակնհայտ է այն անձանց և լրատվամիջոցների շրջանակները, որոնք հետևողականորեն լծվել են ինձ վարկաբեկելու և իրենց ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր գործիքներով կեղծ տեղեկությունների ստեղծմանը և տարածմանը՝ գիտակցաբար ուղղակի վնաս հասցնելով նաև մեր զինված ուժերի բարձր հեղինակությանը։
Կեղծ տեղեկությունների հերքման պահանջով դիմել եմ Ազատություն ռադիոկայանին, որը չիրականացնելու դեպքում իմ խախտված իրավունքները կվերականգնեմ դատական կարգով։
Դավիթ Գալստյան