Ինչպես հայտնել էինք, փետրվարի 12-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունն առաջին անգամ հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների վերադարձի, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար հարցեր։ ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց անհետ կորած զինծառայողների հարազատների հետ՝ պարզելու՝ արդյոք այս հանդիպումը որևէ դրական տեղաշարժ գրանցել է իրենց խնդրում:

«Ես տեղյակ չեմ այդ հանդիպումից և չգիտեմ էլ, թե ինչ են քննարկել հանդիպման ժամանակ: Կարծում եմ, որ այս 2 օրվա ընթացքում այդ հանդիպումից դեռ ոչինչ չպետք է սպասենք, պետք է որոշ ժամանակ անցնի»,- ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը:

Թեև այդ հանդիպումը իր դրական արդյունքները դեռ ցույց չի տվել, Արսեն Ղուկասյանը հավատով սպասում է լավ լուրի. «Կարծում եմ, որ այդ հանդիպումից հետո դրական լուրեր կստանանք, նոր մեխանիզմներ կլինեն մեր երեխեքին գտնելու»,- ընդգծեց անհետ կորածի հարազատը:

Վերջինս, խոսելով իրենց հետագա քայլերի մասին, նշեց, որ կարևոր են համարում հասարակական կազմակերպություն ստեղծելը. «Ցանկանում ենք ստեղծել հասարակական կազմակերպություն, որով արդեն հանդես կգանք մեր գործողություններով: Այդ գործողությունները արդեն կլինեն օրենքի դաշտում»,- եզրափակեց Արսեն Ղուկասյանը:

Վերոնշյալ թեմայով զրուցեցինք նաև անհետ կորած քիմիկների հարազատներից մեկի հետ, որը չցանկացավ` իր անունը հրապարակվի: Նա նշեց, որ այդ հանդիպումից տեղյակ չէ, բայց գիտի մեկ բան... «Մենք դեռ չգիտենք, թե ինչի սպասենք, և թե ինչ է տեղի ունենում, բայց կարող եմ հստակ մեկ բան ասել` եթե առողջապահության նախարարությունը հանկարծ փորձի հատուկ քիմիկների մասով սայթաքի, էդ կլինի իրենց բոլորի վերջը»,- ասաց նա:

Վերջինս մտավախություն հայտնեց, որ քիմիկների ԴՆԹ-ի անալիզները կեղծվում են. «Հիմա ամբողջ քիմիկներիս մեջ խառնաշփոթ իրավիճակ է, բայց հանկարծ իրենք չմտածեն տենց բան անել, եթե իրանց մտքի ծայրով անցկացնեն, թե կրակի հետ են խաղում, ապա ԱՆ-ն թող գիտակցի, որ կրակի հետ չէ, այլ լավայի հետ է խաղում. կրակը էլի կարան հանգցնեն, բայց լավան՝ ոչ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Անհետ կորած քիմիկներից մեկի ծնողը զգուշացրեց առողջապահության նախարարությանը, որ հանկարծ չսայթաքի, այլապես պատասխանը շատ ցավոտ կլինի. «Ոնց որ վրիպեցին քիմիկներին մարտի դաշտ տանելով ու նույն ձևով էլ վրիպեն ԴՆԹ-ի պատասխանները հայտնելով` ես նենց կանեմ, որ ամբողջ Եռաբլուրում անհետ կորածների արտաշիրումում կլինի ու նորից ԴՆԹ կպահանջեմ: Մեր հետագա քայլերը կարան լինեն շատ դառն ու ցավալի»,- եզրափակեց անհետ կորած զինծառայողի մայրը:

Զվարթ Պետրոսյան