ԿԳՄՍ նախարարությունում հրավիրվել է ռեկտորների խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էր Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկման հարցը: Այդ մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Նիստին մասնակցել է Հայաստանի պետական բուհերի 13 ռեկտոր, ինչը բավարար էր քվորումի ապահովման համար: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը, ով նիստին ներկա չէր, փոխանցել էր գրավոր առաջարկներ քննարկվող օրինագծի վերաբերյալ:
Նիստին մասնակից բոլոր ռեկտորներն օրինագծի առնչությամբ մի շարք մտահոգություններ են հայտնել, ինչպես նաև ներկայացրել գրավոր առաջարկների փաթեթներ' դրանք Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու և նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ քննարկելու նպատակով:
Ռեկտորները մտահոգիչ են համարում նախագծի անցումային դրույթներով սահմանված 2022-24 թվականներին ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման պահանջը' նշելով, որ բուհերի բյուջեներն այդ դեպքում կարող են ունենալ ֆինանսական ճեղքվածք' հաշվի առնելով, որ հավատարմագրումն ենթադրում է տևական գործընթաց և վճարումների կատարում: Բանն այն է, որ նախագծով ընդհուպ մինչև գործունեության լիցենզիայի դադարեցման խնդիր է դրվում, եթե բուհը նշված ժամկետներում հավատարմագրում չի անցնում: Բացի դրանից' օրինագծով առաջարկվող որոշ ձևակերպումներ բուհերի համար կարող են առաջացնել հարկային պարտավորությունների կատարման խնդիրներ' հավելյալ հարկային բեռի ռիսկ հարուցելով:
Ռեկտորներից շատերի կարծիքով' օրինագիծը՝ որպես ոլորտը կարգավորող հիմնարար իրավական ակտ, բավականին մեծ թվով բացառություններ է սահմանել, ինչը հակասում է ոլորտի միասնական կարգավորման տրամաբանությանը և խնդրահարույց է համընդհանուր օրինաչափության և բուհերի հանդեպ խտրական մոտեցման տեսանկյունից: Խնդիրներ կան նաև մասնագիտական տերմինների սահմանման, ընդհանրապես նախագծի լեզվական և ոճական շարադրանքի հետ կապված: Ըստ ռեկտորների խորհրդի' անհրաժեշտ է շտկումներ անել' առաջարկվող ձևակերպումները հստակեցնելու և հետագայում տարընթերցումներից խուսափելու համար:
Բարձրացվել է նաև բուհերի կառավարման մոդելի' խորհուրդների ձևավորման և ռեկտորի ընտրության հարցը, ըստ որի՝ խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվելու են լիազոր մարմնի, 4-ը' բուհի կողմից' ներառյալ ուսանողական, դասախոսական և բուհի հետ համագործակցող գործարար համայնքը: Բուհի ռեկտորը, ըստ նախագծի, ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով։ Խորհրդի որոշմամբ՝ կարող է առաջարկվել ռեկտորի մինչև երեք թեկնածու, որոնցից մեկին կնշանակի լիազոր մարմնի ղեկավարը: Կարծիքներ են հնչել, որ այդ մոտեցումը բուհական ինքնավարության ու ակադեմիական ազատության սահմանափակում է, և ըստ էության՝ նշանակում է ռեկտորի նշանակովի մոդելի ներմուծում: Այդպիսի մոդել, ի դեպ, նախկինում կիրառվել է ԵՊՀ-ում' ֆակուլտետների դեկանների ընտրության ժամանակ (երեք թեկնածուից մեկին նշանակել է ռեկտորը), սակայն հետագայում որոշվել է անցում կատարել ուղիղ ընտրության կարգին:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ռեկտորների բարձրացրած խնդիրների ու առաջարկների վերաբերյալ նշել է, որ դրանք կհամակարգվեն և կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը: Նախարարի գնահատմամբ' կատարյալ օրենքներ չեն լինում, և այս նախագիծն էլ լավագույնը լինելու հավակնություն չի կարող ունենալ, սակայն ներկա պայմաններում կարգավորման պահանջը հասունացած է. «Բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենքի նախագծի մշակմամբ զբաղվել են կրթության և գիտության վերջին 4 նախարարները. այն ունի տարիների պատմություն: Նախագծի հիմնական բովանդակությունը պետք է փնտրել ոչ թե ռեկտորի ընտրության կամ նշանակման, այլ կրթական ծրագրերի, կրեդիտային համակարգի և բազմաթիվ խորքային հարցերի մեջ: Ցանկացած բուհ նախ և առաջ ավանդույթների պատմություն է, և ռեկտորը, անկախ նրա անձից, պետք է դառնա այդ ավանդույթների կրողն ու զարգացնողը»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Անդրադառնալով ռեկտորի ընտրության և բուհերի կառավարման խորհուրդների մոդելին' նախարարը նշել է, որ առաջարկվող լուծումը, երբ ռեկտորի 3 թեկնածուից մեկին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը, կիրառվում է աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրների համալսարաններում: Կա նաև հակառակը, այսինքն՝ ուղիղ ընտրության դրական փորձը: Հայաստանի համար այս փուլում նմանօրինակ մոդելի նախընտրությունը, ըստ նախարարի, որոշ իմաստով բխում է առկա իրավիճակից:
«Ինձ համար անհասկանալի են այն ձևակերպումները, թե Կառավարությունը փորձում է միջամտել ռեկտորի ընտրությանը: Այդպիսի հայտարարությունները երբեմն արվում են այնպիսի տոնայնությամբ, կարծես թե խոսքը հարևան պետության, այլ ոչ թե ՀՀ կառավարության մասին է: Պետությունը՝ որպես բուհի հիմնադիր, վճռորոշ խոսքի իրավունք ունի և կարող է կարևոր դերակատարում ունենալ' անկախ նրանից, թե տվյալ պահին ով է ներկայացնում իշխանությունը: Բուհի և պետության հարաբերությունները պետք է գործընկերային լինեն, իսկ բուհի ներքին մթնոլորտը' ակադեմիական: Պետք չէ մոռանալ, որ տվյալ պարագայում ռեկտորը պետության հիմնադրած բուհում վարձու աշխատող է' ընդամենը: Պետական բուհի մասին խոսելիս պետք է չմոռանալ նաև, որ բուհը պետական ապրանքանիշ է' բրենդ, հետևաբար պետությունն իրավունք ունի պայմաններ և պահանջներ դնել»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Նախարարի խոսքով' ներկայում բուհերի մի մասն ունեն հիմնադրամի, մյուսները' այլ կազմակերպաիրավական կարգավիճակ, ինչը համակարգում խառնաշփոթ է հարուցում, և այդ առումով ևս միասնական կարգավորման խնդիր կա:
Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև նախագծով առաջարկվող այլ կարգավորումների' ուսանողական խորհուրդների և ուսանողական մարմինների ձևավորման, կառավարման և ակադեմիական (գիտական) խորհուրդների իրավասությունների հավասարակշռման, վարչական աշխատանքի համար սահմանված տարիքային շեմի (65 տարեկանից հետո վարչական աշխատանքի կատարումը սահմանափակվում է), ամբիոնի վարիչի պաշտոնը ոչ թե վարչական, այլ գիտամանկավարժական պաշտոն դիտարկելու հարցերը: