2020թ․ սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախին ցուցաբերած աջակցության համար Իսպանիայում բնակվող բարերար Արման Մայիլյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արման Մայիլյանը պատմեց, որ օրեր առաջ՝ փետրվարի 9-ին, անակնկալ հեռախոսազանգ է ստացել Արցախի նախագահի աշխատակազմից և տեղեկացել, որ արժանացել է պարգևատրման։

«Շնորհակալ եմ Արցախի նախագահին շնորհակալագրի և մեդալի համար։ Պատերազմի հենց սկզբի օրերից եղել եմ Հայաստանում, երբ ասացին պատերազմ է սկսվել, շոկային վիճակում հայտնվեցի, քանի որ Արցախը մեզ համար ամեն ինչ է։ Այդ օրերին գնացել եմ Արցախ՝ մեր զինվորների կողքին լինելու։ Թեև առաջնագծում չեմ եղել, բայց ես և իմ ընկերները փորձեցինք մեր հնարավորությունների սահմանում աջակցել և օգտակար լինել»,- ասաց նա։ 

Պատերազմի առաջին իսկ օրերից Արման Մայիլյանն ու ընկերները ձեռնամուխ են եղել զինծառայողների, նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու գործին, ինչը շարունակվում է մինչ օրս և նախատեսվում է իրականացնել նաև առաջիկայում։ Արման Մայիլյանը Բարսելոնայի հայ համայնքի հետ համատեղ մի շարք բարեգործություններ է իրականացրել․ «Համայնքը մեծ օգնություն է հատկացրել հիմնադրամին, աջակցել բանակին՝ զինվորական հագուստներ և պարագաներ հատկացնելով մեր զինվորներին»։ 

Իրականացվող աջակցության շրջանակներում, սփյուռքում բնակվող հայ գործարար Արման Մայիլյանը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել են նաև հումանիտար օգնություն, որին միացել են  սփյուռքում բնակվող մի շարք այլ հայրենասեր գործարարներ։ Նախաձեռնության շրջանակներում ձեռք է բերվել Mercedes մակնիշի 24 շտապօգնության բարձրակարգ ավտոմեքենա՝ ամբողջությամբ համալրված բժշկական բարձրագույն սարքավորումներով, որոնք անհատույց կտրամադրվեն Հայաստանի Հանրապետությանը։ Ի դեպ, շտապօգնության մեքենաներից 5-ն անձամբ նվիրաբերվել է Արման Մայիլյանի կողմից։ Վերջինիցս տեղեկացանք, որ շտապօգնության 4 մեքենան արդեն Հայաստանում են, իսկ 20-ը այսօր գիշեր կլինեն Երևանում։

Իսպանիայում բնակվող հայ բարերարը Արցախյան պատերազմում կատարած սխրանքների ու քաջաբար մարտնչելու համար փետրվարի 10-ին ավտոմեքենա է նվիրել ժամկետային զինծառայող Սուրեն Գաբրիելյանին, որը պատերազմի օրերին առանձնակի քաջություն է ցուցաբերել՝ իր հաշվարկի հետ տանկով ոչնչացնելով հակառակորդի 9 տանկ և 7 ՀՄՄ։ «Ինձ համար կարևոր չէր, թե որտեղից կլիներ զինծառայողը՝ Հայաստանի՞ց, թե՞ Արցախից, ցանկություն ունեի մի փոքրիկ նվեր անել նրան և որպես նրա կատարած սխրանքների շնորհակալություն՝ ավտոմեքենա նվիրեցի։ 19-ամյա Սուրենը Արցախի Կարմիր շուկա համայնքից է, նրան  առաջին անգամ տեսա պաշտպանության նախարարությունում, ինքն էլ չգիտեր, որ նման նվեր ունի։ Իհարկե, մեր բոլոր զինվորներն են արժանի շնորհակալության, բայց շատ ուրախ եմ, որ հենց իրեն բաժին հասավ, քանի որ նա առանձնանում էր իր համեստությամբ։ Ուզում եմ, որպեսզի մեր բոլոր զինվորները զգան, որ գնահատված են»,- նշեց Արման Մայիլյանը։

Վերջում Արման Մայիլյանը խաղաղություն ցանկացավ մեր երկրին՝ նշելով, որ աջակցությունները շարունակվելու են նաև առաջիկայում, և կարևոր է, որ յուրաքանչյուրն այս դժվարին պահին լինի մեր երկրի, զինվորների և նրանց ընտանիքների կողքին։