«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակի» «Հայկ Մարությանը խլում է Արամ Վարդանյանի բիզնեսը» հրապարակումից հետո էլեկտրոնային նամակ ենք ստացել: Գրել էինք, որ ժամանակին թիվ 38 ներքաղաքային երթուղին մի գործարարի էր պատկանում, հիմա՝ քաղաքապետարանին: Նամակագիրը հարցնում է. «Գրում եք, թե քաղաքապետարանը 10 երթուղի է փակել: 38-րդ երթուղին արդեն իրենով է արել, երաշխիք կա՞, որ մնացածն էլ իրենով չի անելու»:
Մեր թերթը նման երաշխիք չունի: Մենք կարող ենք ներկայացնել այս պահին չգործող երթուղիները՝ հենվելով քաղաքապետարանի տարածած տեղեկության վրա: Եթե հետայսու էլ քաղաքապետարանը երթուղիները սպասարկելու ընկերության ընտրության համար մրցույթ հայտարարելու փոխարեն գիծն իրենով անի, կնշանակի՝ Հայկ Մարությանը մտադիր է այլոց բիզնեսը խլելով՝ տրանսպորտային մագնատ դառնալ:
Ուրեմն. այս պահին, ըստ քաղաքապետարանի, չեն աշխատում հետեւյալ երթուղիները. Ավտոբուսային թիվ 1. Էրեբունի-հրապարակ-Մաշտոց-Բաղրամյան-Կոմիտաս-Զեյթուն Թիվ 7․ Էրեբունի-ԽանջյանԱբովյան պուրակ-Ավետիսյան-Վաղարշյան-Դավիթաշեն Թիվ 62․ Պռոշյան ավան-Լենինգրադյան-Դալմա գարդեն մոլԱմիրյան-Արցախի-մսի կոմբինատ Միկրոավտոբուսային թիվ 2. Ուռուցքաբանության ինստիտուտԿոմիտաս-Բաղրամյան-ՄաշտոցԿորյուն-Չարենց- Հանրապետական մարզադաշտ Թիվ 27. Սիլիկյան թաղամաս-Հալաբյան-Կիեւյան-Օրբելի-Բաղրամյան-Մոսկովյան-Չարենց-hանրապետական մարզադաշտ Թիվ 40. Նորքի 9-րդ զանգվածԳայի պողոտա-Զեյթուն-Քանաքեռ-Թբիլիսյան խճուղի-Առինջ մոլ Թիվ 45. Էրեբունի-ԱրցախՏիգրան Մեծի-Խանջյան-Աբովյան պուրակ-Ազատության-Քանաքեռ Թիվ 49. Շենգավիթ-Նժդեհի հրապարակ-Արցախի-Տիգրան Մեծի-Խանջյան-Մարշալ ԲաղրամյանԿասյան-Ռուս-հայկական համալսարան Թիվ 69. Ավան-Քանաքեռ-Կոմիտաս-Դավիթաշեն Թիվ 71. Հարավ-արեւմտյան թաղամաս-Մալաթիա-ԼենինգրադյանԿոմիտաս-«Հաղթանակ» զբոսայգի:
Կրկնենք. եթե քաղաքապետարանը երթուղիները սպասարկելու ընկերության ընտրության համար մրցույթ հայտարարելու փոխարեն գիծն իրենով անի, կնշանակի՝ Հայկ Մարությանը մտադիր է այլոց բիզնեսը խլելով՝ տրանսպորտային մագնատ դառնալ: Հայկի մի «վատ կողմ» արդեն բացահայտվում է. նա չի սիրում Էրեբունիում եւ Քանաքեռում ապրողներին. դադարեցված 10 երթուղուց 7-ն անցնում են հենց այս երկու թաղամասով:
Հայկ Մարությանի՝ այլոց հաշվին տրանսպորտային մագնատ դառնալու մեկ նշան եւս: Քաղաքապետարանը հայտարարել է, որ իր սպասարկած գծերում վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին։ Սա «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի պահանջն է, Հայկ Մարությանի պահանջը չէ:
Իսկ «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածը քաղաքապետին պարտավորեցնում է պաշտպանել երեւանցիների իրավունքներն ու ազատությունները: Այլ խոսքով, քաղաքապետը Երեւանի բոլոր երթուղիների բոլոր վարորդներից պիտի պահանջի՝ երթեւեկության ընթացքում չծխել:
Չի անում, միայն քաղաքապետարանի սպասարկած գծի վարորդներից է պահանջում, որ քաղաքապետարանի սպասարկած գիծը դրական լույսի տակ երեւա: Սա ոչ միայն պաշտոնական պարտականություններում թերանալ է, այլ նաեւ՝ անբարեխիղճ մրցակցություն եւ պաշտոնական լիազորությունների չարաշահում՝ քրեորեն պատժելի արարքներ: Եվ միայն մեկ նպատակով. որ այլոց բիզնեսը խլելու միջոցով Մարության Հայկը դառնա տրանսպորտային մագնատ»: