Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռի' Իրանում հայտնվելու մասին լուրերը հանրությանը, կարծես թե, նույնիսկ չզարմացրին, քանի որ ոլորտը շուրջ երկու տարի գտնվում է այն աստիճան ողբալի վիճակում, որ այլևս ոչնչի վրա զարմանալ պարզապես չի ստացվում: Ի՞նչ է կատարվել իրականում: Ինքնաթիռը փոխանցվել կամ վաճառվել է Իրանին դեռևս անհայտ հանգամանքներում և զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխանությունները թույլատրել դա, հաշվի առնելով Իրանի դեմ գործող միջազգային սանկցիաները: Ինքնաթիռն օրեր առաջ պետք է վայրէջք կատարեր Հայաստանում, սակայն իջեցվել է Թեհրանում:
Քաղավիացիայի կոմիտեում թերևս տեղյակ են, որ ցանկացած ընկերություն (պետություն), որը Իրանին կփոխանցի կամ կվաճառի այն ապրանքատեսակները, որոնք արգելված են ամերիկյան օրենսդրությամբ, կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ցանկում: Սա նշանակում է, որ Տաթևիկ Ռևազյանի ապաշնորհ կառավարման արդյունքում՝ ԵՄ սև ցուցակում հայտնված Հայաստանը, այժմ էլ կարող է հայտնվել նաև ԱՄՆ սև ցուցակում, իսկ թե որքանով սա կապ ունի այն խոստումների հետ, որ ՀՀ քաղաքացիների համար երկինքը ավելի բաց կդառնա՝ դատեք ինքներդ: Միակ բանը, որին մինչ օրս տվյալ պաշտոնում հասել է Տաթևիկ Ռևազյանը, Հայաստանը միջազգային ասպարեզում խայտառակելն է: Այդքան գովազդված լոուքոսթերները այդպես էլ ամբողջությամբ մուտք չգործեցին Հայաստան, չնայած, որ դրանք Հայաստան բերելու համար բյուջեից ահռելի գումարներ էին ծախսվել և այդ ծախսը հանրությունից գաղտնի էր պահվել: Ավիացիոն շուկայում անհասկանալի գործընթացներ են կատարվում, տոմսերի վաճառքի առումով էլ ամենաթողություն է, որի վրա կոմիտեն նույնպես աչք է փակում, իսկ ազգային ավիափոխադրող ունենալը դառնում է անիրականանալի երազանք:
Պաշտոնյաների ապիկարության պատճառով Հայաստանը հայտնվեց ԵՄ սև ցուցակում՝ աֆրիկյան հետամնաց երկրների հետ մի ցանկում, ինչը արդեն իսկ մեծ հարված է երկրի միջազգային վարկանիշին: Ընդամենը մեկ տարի առաջ, երբ հայտարարվեց Միլան 35 եվրոյով մեկնելու հնարավորության մասին, Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել' նշելով, որ չի հավատում իր աչքերին և ապրի Տաթևիկ Ռևազյանը: Հետաքրքիր է' իսկ Հայաստանին Բուրկինա Ֆասոյի հետ մեկ ցանկում, բոլոր հնարավոր և անհնարին սև ցուցակներում տեսնելուց հետո վարչապետը կրկի՞ն չի հավատում աչքերին և նորից է պատրաստվում գովել իր նշանակած պաշտոնյանին, թե՞ ի վերջո կհավատա աչքերին և աշխատանքից կազատի Հայաստանը միջազգային սկանդալների մեջ ներքաշած Ռևազյանին, եթե, իհարկե, կա ցանկություն վերջնական տապալումից փրկել ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտը...