«Թուրքը, երբ ուզում՝ դուրս է գալիս Գորիս-Որոտան, Գորիս-Շուռնուխ ճանապարհին, ինչ ուզում անում է։ Մեքենայով անարգել երթևեկում են ու ոչ մի խոչընդոտ չկա»,- այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը՝ հակադարձելով վարչապետին, թե Սյունիքում գործում է անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ։
Հովսեփյանն ասում է՝ ակնհայտ է, որ ունեն անվտանգության խնդիր, քանի որ չեն կարողանում տիրապետել ադրբեջանական կողմի շարժին։
Ճիշտ է, դեռևս միջադեպեր չեն եղել, բայց նրա կարծիքով, դա ժամանակավոր է։ Ներկայումս մի շարք հարցեր փորձում են կարգավորել ռուսների միջոցով՝ ձեռնպահ մնալով ադրբեջանցիների հետ ուղիղ շփումներից։ Ինչպես նշեց համայնքապետի տեղակալը՝ բանակցում ու խոսում են միայն ռուսական կողմի հետ, նրանց միջոցով փորձում սանձազերծել թշնամու ապօրինի պահվածքը։ Հարցին՝ արդյոք ստացվում է՝ Հովսեփյանը պատասխանեց.
«Չեմ ասի, որ 100 տոկոսով ստացվում է։ Առայժմ մեծամասամբ է ստացվում, բայց եթե Իսկանդերը չի կրակում, կարող է էլ չստացվի»,- ասաց Հովսեփյանը՝ հեգնելով Փաշինյանին։