Արցախյան վերջին պատերազմից անցել է գրեթե չորս ամիս. Պատերազմի եւ նրան հաջորդած շրջանի բազմաթիվ կենսական խնդիրները, այս ընթացքում, ոչ միայն չեն մարել, այլեւ ավելի են խորացել, եղածներին ավելացել են նորերը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Չորս ամիս անց դեռեւս լուծված չեն գերիների, նահատակ զինվորների հետ կապված խնդիրները, ադրբեջանական կողմի կամայական սահմանագծումները տեղի են ունենում Հայաստանի իշխանությունների բացարձակ անտարբերության պայմաններում, սրան գումարվում են անհասկանալի նահանջները Արցախ-Հայաստան կապերի եւ Արցախի ինքնիշխանության հարցերում:

Ավելին, ժողովրդի թիկունքում տեղի են ունենում բանակցություններ, որոնց գաղտնիության փաստն իսկ հարուցում է լուրջ մտահոգություններ: Շրջանառվում են խոսակցություններ Արցախի դեմ դեռ երեկ ռազմական ագրեսիա իրականացրած ադրբեջանական եւ թուրքական կողմերի հետ' Հայաստանի պարտված իշխանությունների հնարավոր ինչ-ինչ տնտեսական եւ այլ բնույթի վտանգավոր գործարքների մասին:

Անցնող գրեթե երեք տարում իր անկարողությունը փաստած իշխանությունը նաեւ դեղատոմսեր չունի երկրի ներսում խորացող տնտեսական եւ այլ բնույթի հիմնահարցերի հաղթահարման վերաբերյալ: Հայ ազգի և հայոց պետականության ներկայի ու ապագայի համար սպառնալի այս կացության հանդեպ Հայաստանում կրկին ծայր են առել համաժողովրդական հուզումները, որոնք առաջնորդվում են Հայրենիքի փրկության շարժման կողմից:

Վարչապետի հրաժարականի պահանջին իշխանությունները պատասխանում են հանրության ազատ կամարտահայտությունը ճնշող հակաժողովրդավարական գործողություններով: Իշխանական գործելավոճի է վերածվել ընդդիմադիր ակտիվ գործիչների նկատմամբ քրեական գործերի հարուցումը, կարճ ժամանակով զանգվածային ձերբակալությունները, բռնի ուժի կիրառումը:

Խիստ մտահոգիչ են ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման և երկրում օրինականության գերակայության ամրագրման կարգախոսերով իշխանության հասած ուժերի որդեգրած այս քայլերը, որոնք ուղղակիորեն տանում են ավտորիտար, ոստիկանական պետության ձևավորմանը:

Մտահոգությունները առավել տագնապահարույց են երբ, վերոհիշյալ բազմաթիվ մարտահրավերների պայմաններում, հայ ժողովուրդն ու հայոց պետությունը գտնվում են լուրջ փորձությունների առջեւ:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն, դատապարտելով իշխանություններին՝ նրանց պատասխանատվությամբ ստեղծված այս վիճակի համար, կոչ է անում վերջիններիս զերծ մնալու իրավիճակի առավել սրումից, գործել միայն օրինականության ու ժողովրդավարության շրջանակներում, անսալ հրապարակ դուրս եկած հանրության և ընդդիմադիր ուժերի, ինչպես եւ մինչ այս նույն պահանջով հանդես եկած ՀՀ նախագահի, հայոց զույգ կաթողիկոսների, սփյուռքահայության զգալի հատվածի, մտավորական, մշակութային, կրթական եւ հանրային այլ շերտերի ձայնին և առանց ժամանակը երկարաձգելու հրաժարական ներկայացնել զբաղեցրած պաշտոնից:

Թշնամուց պարտված, ազգի կողմից մերժված, վարչական եւ բարոյական իրական իշխանությունը կորցրած ղեկավարն այլեւս ունակ չէ ալեկոծումների միջով դեպի խաղաղ ու բարեկեցիկ ափ առաջնորդելու հայոց վնասված նավը: Այդ պարագայում միայն հնարավորություն կստեղծվի հասնելու ներազգային համերաշխության, կարգի բերելու պետական հաստատությունների ու բանակի վիճակը, նոր ավյունով ձեռնամուխ լինելու պատերազմի ռազմական, քաղաքական եւ այլ հետևանքների վերացմանը՝ թեւակոխելու Հայոց պետականության ու Արցախի ամրապնդման եւ հզորացման նոր հանգրվան: