Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով: Այդ հայտարարությամբ Հայոց Բանակը վերստին փաստեց ժողովրդական լինելու և երկրի համար այս ծանր իրավիճակում պետականության հիմքերը պաշտպանելու իր պատրաստակամությունը:
Բոլորս մտահոգված ենք Հայոց Բանակի պահանջից հետո Հայաստանի Հանրապետությունում ծավալվող իրադարձություններով և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի վարչախմբից զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել Բանակի և ժողովրդի պահանջը:
Այս իրավիճակում ՀՀ մեր քույրերին և եղբայրներին, պետության ճակատագրով մտահոգված քաղաքացիներին կոչ ենք անում մերժել քաղաքացիական բախումներ հրահրող ազգադավ իշխանության սադրանքները և կանգնել Հայոց Բանակի ու Հայրենիքի փրկության շարժման կողքին:
Նժարի վրա է դրված Արցախի, մեր Հայրենիքի և համայն հայության ապագան և միայն նոր իշխանությունների ու համազգային համախմբվածության մթնոլորտում կարելի է հասնել ճգնաժամի հանգուցալուծմանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտե
Արցախի Արդարություն կուսակցություն
Արցախի Ժողովրդավարական կուսակցություն
ք. Ստեփանակերտ 25.02.2021թ