Համացանցում լայն տարածում են գտել լուսանկարներ, որոնք ապացուցում են` Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյացություն սերմանել երեխաների շրջանում: 

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են երեխաները բեմադրում այսպես կոչված` «Խոջալուի ջարդը»: Փոքրիկների մի մասը ստանձնել է դիերի դեր, մյուսները` հայ զինվորների:

Եվ ողջ բեմադրությունը, վստահաբար, ուղեկցվում է հայատյացության քարոզով:

Ադրբեջանցի օգտատերերը Twitter-ում մեկնաբանել են կադրերը` նշելով, որ նման բեմադրությունները մանուկ հասակում բացասական ազդեցություն են թողել իրենց հոգեկան ներաշխարհի վրա:

«Սարսափելի տեսարան է: Նրանք դեռ գալիս են նախարարությունից և ստուգում են դպրոցը՝ տեսնելու, թե արդյոք միջոցառում պատրաստել են, թե ոչ: Դրան պետք է անհապաղ վերջ տրվի: Խաթարում է երեխաների հոգեկան աշխարհը»,- գրել է ադրբեջանցի օգտատերերից մեկը: