Նույնիսկ եթե նախագահի կողմից ՍԴ դիմելու ժամկետն ավարտվի, իսկ դա ավարտվում է մարտի 9-ին, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ունի տարբեր ճանապարհներ, այդ թվում' դիմելու վարչական դատարան եւ վերականգնվելու իր պաշտոնում: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

«Թե ինչպես կորոշի ԳՇ պետը, ես չեմ կարող ասել, բայց փաստ է, որ թնջուկը չի հանգուցալուծվել»,-ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանը նկատեց նաեւ, որ ոչ Սահմանադրությունը, ոչ էլ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը հիմքեր չեն նախատեսում ԳՇ պետին ազատելու համար:

Հարցին, թե իր կարծիքով ինչու նախագահը վարչապետի առաջարկությունը չի վիճարկում եւ այդ հարցով չի դիմում ՍԴ, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Եթե մեկնաբանեմ վարչապետի դիրքերից, այդտեղ կարող է լինել սպառնալիք, քաղաքացիության թղթի շահարկում, կարող է լինել խնդրանք, արցունքներ, քաղաքական առեւտուր»:

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ նա նշեց, որ Բաղրամյան պողոտան փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում իշխում է դավաճանական խունտան: