Եթե դավաճան իշխանությունը չլինի, իհարկե, կարող ենք դիմակայել ևս մեկ պատերազմի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
«ՀՀ քաղաքացիները մեր բանակի հետ միանշանակ կարող են դիմակայել և պատրաստ են դիմակայելու. ամեն դեպքում՝ կռվող զինվորի համար շատ կարևոր է թիկունքի ամրությունը»,- ասաց Առուշ Առուշանյանը՝ չբացառելով նոր պատերազմի վտանգը. «Ամեն օր էլ կարող է նոր պատերազմ սկսել։ Ոչ ոք չգիտի՝ վաղն առավոտյան ինչ կլինի»:
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ժամանակին հայկական կողմի դիրքերը շատ ավելի նպաստավոր էին, քան հիմա. «Այն ժամանակ բավական լավ դիրքեր ունեինք, եթե այս րոպեին կռիվը սկսեր և այդ դիրքերն ունենայինք, լավ կլիներ։ Հիմա կռվելու տեսանկյունից անհարմար իրավիճակում ենք հայտնվել։ Եթե իշխանությունները 26 կմ-ն չտային, կունենայինք այդ դիրքերը»,- ընդգծեց Գորիսի քաղաքապետը:
Ըստ վերջինիս՝ իշխանությանը կառչած մարդիկ ամեն օր հրահրում են նոր պատերազմի. «Իշխանափոխությունը վաղուց է եղել: Մենք իշխանություն չունենք և պետք է ուղղակի օրը որոշվի, թե երբ կլինեն ընտրություններ, ինչի արդյունքում կունենանք նորմալ, ազգային գաղափարախոսություններ կրող իշխանություն»,- ասաց Առուշ Առուշանյանը:
Նա այն համոզմունքն ունի, որ եթե լինի նորմալ իշխանություն, ապա ցանկալի արդյունքը իրեն սպասեցնել չի տա. «Կորցրած հողերը մեր պատմական հողերն են, մենք պետք է պայքարենք, ձգտենք և այն հողերը, որոնք կորցրել ենք, հետ բերենք: Եթե ունենանք նորմալ կառավարություն և իշխանություն, որոնք չեն դավաճանի, իհարկե, կհասնենք լավ արդյունքի»,- մեզ հետ զրույցում եզրափակեց Գորիսի քաղաքապետը։
Զվարթ Պետրոսյան