Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի խայտառակ ակտից հետո Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ավելի ու ավելի համառորեն են խոսում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին: Ինքը' Նիկոլ Փաշինյանը, տվյալ հարցի վերաբերյալ որպես ընդդիմադիր պատգամավոր արտահայտել է բավական հետաքրքիր տեսակետ:

Դիցուք՝ 2010 թվականին Փաշինյանին պատկանող թերթը ուշագրավ հոդված էր տպել՝ «Մտքերի թուրքական ընթացք» վերնագրով: Ցիտենք մի հատված. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սերժանտական տարբերակը առայժմ միայն նվաստացում կամ նվաստացման պոտենցիալ է ստեղծում Հայաստանի համար: Վերջին այդպիսի վտանգը թաքնված է այն տեղեկատվության մեջ, թե թուրքերը քննարկում են սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի ռազմամարդասիրական զորավարժությունների կազմակերպման նպատակով մի քանի օրով բացել հայ-թուրքական սահմանը: Առաջին հայացքից լավատեսական թվացող այս տեղեկատվության պարզաբանումը հերթական անգամ նվաստացման զգացողություն է առաջացնում, որովհետեւ պարզվում է, որ այդ մի քանի օրով բացվող սահմանով Հայաստան են մուտք գործելու թուրք զինծառայողներ եւ տեխնիկա: Այդ դրվագը առավել սուր բովանդակություն է ստանում ոչ այնքան պատմական անցյալի, որքան հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության կարճ պատմության ընթացքում գրանցված մի քանի անցքերի պատճառով: Թուրքական դիվանագիտությունը, ահա, նոր որոգայթն է մտմտում Հայաստանի համար. եթե պաշտոնական Երեւանը համաձայնվի մի քանի օրով սահմանը բացելու տարբերակին, թուրքական զինված ուժերի ներկայացուցիչները Աթաթուրքի դրոշի առաջնորդությամբ կհատեն Արաքսը եւ կմտնեն Հայաստանի Հանրապետություն»:

2013թ. պատգամավոր Փաշինյանը հայտարարում էր, որ ՀՀ բյուջետային ուղերձում հայ-թուրքական հարաբերությունների մասին նշումը բացակայում է, եւ հետաքրքրվել է, թե արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀ իշխանությունը ճանաչում է իր ձախողումը հայ-թուրքական հայտնի ֆուտբոլային դիվանագիտության ասպարեզում ու ընդունում, որ իրականացան այն գնահատականները, թե հայ-թուրքական արձանագրությունները վիժեցնելու են ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Որպես ապացույց' Փաշինյանը հիշատակել էր այն փաստը, որ առաջին անգամն է, երբ ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հայոց ցեղասպանության հարցն ընդհանրապես քննարկման առարկա չի դառնում:

Ինչպես տեսնում ենք, Փաշինյանը, մեղմ ասած, քննադատորեն էր մոտենում Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությանը: Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանի հայացքները կտրուկ փոխվեցին նաև այս հարցում: Պաշտոնը ստանձնելու հաջորդ իսկ օրը ՝ մայիսի 10-ին, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Սակայն, իրականում Փաշինյանը այնքան էլ անկեղծ չէր, քանի որ հարաբերությունների հաստատումը այսօր ակնհայտորեն իր մեջ պայման է ներառում և այդ պայմանը՝ ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն է: Ընդ որում, այս ուղղությամբ Փաշինյանը և թիմը սկսել են աշխատել իշխանության գալուց անմիջապես հետո: Դիցուք՝ շուրջ երեք տարիների ընթացքում պետական մակարդակով ոչինչ չի արվել ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Ջանքերը, որոնք գործադրվել են, գործադրվել են Սփյուռքի հայկական կառույցների կողմից: Իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանը ու թիմը սկանդալ սարքեցին ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ: Իր նշանակությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ոչ միայն ռազմավարական նշանակության համազգային գիտական կենտրոն է, այլև մեր հավաքական ապրումների, հիշատակների, արժանապատվության և ազգային-քաղաքական իրավունքների պահպանման, պաշտպանության խորհրդանշան և կենտրոն միաժամանակ: 2018 թ. հոկտեմբերից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորանշանակ տնօրեն Հարություն Մարությանի նշանակմամբ կառույցում սկսվեցին գործընթացներ, որոնց հանրագումարն ու ընթացքը մտահոգիչ են: 2019 թ. տնօրենը հանդես էր եկել հիմնական ֆոնդում կառուցվածքային փոփոխություններ անելու առաջարկությամբ: 2020 թ. փետրվարին ՀՑԹԻ Ֆոնդային գնահատող հանձնաժողովին ներկայացված տնօրենի առաջարկի համաձայն՝ հիմնական ֆոնդում գրանցված նյութերը (հիմնականում՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմագիտական և աղբյուրագիտական նշանակության գրքեր, եզակի օրինակներ), համապատասխան ընթացակարգով հանվում են հիմնական ֆոնդից և ընդգրկվում նոր ձևավորվող գրադարանում, այդպիսով փոխելով դրանց իրավական կարգավիճակը: Սա ՀՀ բոլոր թանգարանների պատմության մեջ չգրանցված գործընթաց էր, որի իրական նպատակները այն ժամանակ հասկանալի չէին: Դրան հաջորդեց՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրյակին հիմնական կարգախոսից «պահանջում եմ» բաղադրիչի դուրս մղման ամոթալի փորձը: Եթե գումարենք դրան այն հանգամանքը, որ «Իմ քայլի» և ոչ մի պատգամավոր այս տարիների ընթացքում միջազգային կառույցներում չի շոշափել ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, իսկ բազմաթիվ մերձիշխանական ՀԿ-ների կողմից տարբել է հաշտվողական և խաղաղության նախապատրաստման հուժկու քարոզ, ամեն բան ընկնում է իր տեղը: Պատերազմից հետո Փաշինյանը փորձում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը քողարկել մշուշոտ տնտեսական շահերով: Պատերազմից հետո Փաշինյանի թիմակիցներից Անդրանիկ Քոչարյանը առնվազն երկու անգամ խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին: Որոշ տեղեկությունների համաձայն' Փաշինյանը ԱԳ ղեկավարին նույնիսկ արգելել է սուր քննադատության ենթարկել Թուրքիային:

Չի կարելի բացառել նաև, որ այսօր ՀՀ և Թուրքիայի իշխանությունների միջև ընթանում են ստվերային բանակցություններ: Այդ բանակցությունները կարող են ընթանալ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հարցի շուրջ, կարող է քննարկվել նաև Թուրքիայի հետ սահմանների բացման հնարավորությունը, որը թուրքական կողմից, միանշանակ, հստակ նախապայմաններ է ներառելու՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, մաքսային համակարգի անվերապահ թուլացում, որպեսզի թուրքական կապիտալն անխոչընդոտ հոսի դեպի Հայաստան և այլն:

Թեզը, որը այսօր մեծ ինտենսիվությամբ կիրառում են նաև հայաստանյան իշխանությունները, թե սահմանների բացմամբ և կոմունիկացիաների ապաշրջափակմամբ Հայաստանն ակտիվ զարգացում կգրանցի ոչ այլ ինչ է, քան տիպիկ թուրքական թեզ, որ մեզ ստիպում է անվերապահ կերպով բացվել տնտեսական և, մեծ հաշվով, անվտանգային աշխարհաքաղաքական հարթակում: Ցավոք սրտի, օրվա իշխանությունները, մեղմ ասած, չեն հասկանում դրանից բխած վտանգներն ու հնարավոր սպառնալիքները, իսկ գուցե հասկանում են, սակայն, առաջնորդվում են բացառապես «տնտեսական շահով»...