Քնի խանգարումների դեմ պայքարի մասին գրքի հեղինակ, ամերիկացի նյարդաբան Քրիս Ուինթերը կիսվել է մի քանի խորհուրդներով, որոնք կարող են օգտակար լինել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ավելի արագ եւ ավելի լավ քնել:
Men՛s Health պարբերականը գրում է, որ մասնագետը խորհուրդ է տալիս անքնությունից տառապող մարդկանց մի քանի աստիճանով իջեցնել ննջասենյակի ջերմաստիճանը: Բանն այն է, որ զովությունն օգնում է ձեզ քնել եւ ավելի երկար քնել:
«Տարածված է այն համոզմունքը, որ քնի հետ կապված ցանկացած խնդիր կարելի է շտկել՝ ավելի լավ ներքնակ, ավելի փափուկ բարձ, բարձր տեխնոլոգիական պիժամա գնելով»,- ասել է Ուինթը՝ նշելով, որ իրականում ամեն ինչ այդպես չէ եւ նշված իրերի դերն այնքան էլ մեծ չէ, ինչպես կարող է թվալ:
Մասնագետի խոսքով՝ կա քունը բարելավելու մի քանի մեթոդ. մարզվելը, ալկոհոլի օգտագործման նվազեցումը, մեդիտացիան: Բացի այդ, խորհուրդ է տրվում միշտ քնել եւ արթնանալ միեւնույն ժամին:
«Քնի կայուն ժամանակացույցի առկայությունն օգնում է ուղեղին հասկանալ, թե երբ է գալիս քնելու ժամանակը»,- ասել է նյարդաբանը: