Ապրիլի 15-ին մեկնարկում է «Հայաստանում կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը, որի շրջանակներում Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել է 4․500․000 շվեյցարական ֆրանկ դրամաշնորհ: Ծրագիրն իրականացվելու է «Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի» կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» (SDC) հետ համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի մարզերում ֆերմերների և գյուղական բիզնեսների եկամուտը՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման շնորհիվ: Այն նպաստելու է նաև բնության և կլիմայի փոփոխության քաղաքականության խթանմանը, քանի որ փոխկապակցելու է տնտեսական աճը, բնական պաշարների և կենսաբազմազանության պահպանությունը։
Ծրագիրը տևելու է 8 տարի և իրականացվելու է Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:
Տվյալ ծրագիրը կյանքի է կոչում Շվեյցարիայի արտաքին քաղաքականության և զարգացման համագործակցության սկզբունքներն ու խնդիրները և լիովին համահունչ է Շվեյցարիայի ազգային քաղաքականությանը և նպատակներին:
Շվեյցարիան, ինչպես և Հայաստանը, լինելով լեռնային երկիր՝ տարիների ընթացքում խորացրել է բնության և էկոհամակարգերի հետ կապված նմանատիպ մարտահրավերների լուծման ուղղությամբ իր գիտելիքներն ու փորձը և ցանկանում է աջակցել Հայաստանին շուկայական տնտեսությանն անցման գործում, ինչպես նաև նպաստել նրան, որ երկրի բնակչությունն օգուտներ քաղի ներառական տնտեսական զարգացումից:
Նախագիծն իրականացվելու է՝ հիմք ընդունելով SDC-ի կողմից արդեն երկար տարիներ ֆինանսավորվող ծրագրերի հետ աշխատանքը և համագործակցությունը, ինչպիսիք են «Անասնապահության զարգացումը Հայաստանի հարավում և հյուսիսում» և «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրերը: