«Իմ քայլում» արդեն իսկ սկսել են նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և այդ նպատակով օրենսդրական փոփոխություններ են կատարվել ընտրական և քրեական օրենսգրքերում: Փոփոխությունների միակ նպատակն է իշխանությունների վերարտադրումը առավել հեշտ դարձնելը:
Դիցուք՝ իշխանությունները հասկանում են, որ այսպես ասած' մարդամեջ դուրս գալը, հատկապես Սյունիքի դեպքերից հետո, ընտրարշավի ժամանակ գրեթե անհնարին է լինելու և այդ պատճառով որոշել են քրեական պատիժ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր կորոշեն խոչընդոտել քարոզարշավի ընթացքը: Այս փոփոխությունը ավելի քան հասկանալի է, եթե նայում ենք իշխանության պրիզմայի ներքո: Մյուս կողմից' էականորեն բարձրացվում է դաշինքների ընտրական շեմը, և դա արվում է' ելնելով այն ակնկալիքից, որ ընդդիմադիր ուժերը ընտրություններից ամենայն հավանականությամբ կմասնակցեն հենց այդ ֆորմատով:
Մյուս կողմից' նվազեցվում է կուսակցությունների համար նախատեսված ընտրական շեմը, սա էլ իր հերթին խոսում է այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են իրենց սատելիտ ուժերին օգնել անցնել խորհրդարան, ինչու ոչ' հետագայում կոալիցիա կազմելու նպատակով: Վերացվում է ռեյտինգային ընտրակարգը և սա նույնպես հասկանալի է: Նիկոլ Փաշինյանի թիմը այդպես էլ չտվեց այն հեղինակավոր անհատների, ովքեր տեղերում կկարողանային ձայն հավաքել և դա է պատճառը, որ «Իմ քայլի» համար նպատակահարմար չէ ընտրություններ անցկացնել ռեյտինգային ընտրակարգով՝ Սյունիքի մարզի ցանկացած համայնքապետ իմքայալականներից առավել շատ ձայն հավաքելու ռեալ շանսեր ունի:
Իշխանությունների վարած շուրջ երեք տարվա քաղաքականությունը որևէ հույս չի ներշնչում, որ գործելաճը կարող է փոխվել և վերջիններս կարող է ձեռնպահ մնալ պետական ռեսուրսների օգտագործումից և խախտումներից: Վերը նշված օրենսդրական փոփոխություններն արդեն իսկ խոսում են այն մասին, որ իշխանությունները գնալու են ցանկացած քայլի' ամեն գնով վերարտադրվելու համար: