Մի խումբ ֆրանսիացի կամավորներ 40 օր անց են կացրել քարայրում՝ հատուկ փորձի համար, գրում է Associated Press գործակալությունը:

Այսկերպ Ադապտացիայի ինստիտուտի մասնագետերը փորձել են հասկանալ, թե ինչպես կարող է մարդը հարմարվել բացարձակ միայնության պայմաններում: Շվեյցարիայի և Ֆրանսիայի գիտնականները հատուկ սենսորների միջոցով հսկել են մարդկանց քունը, սոցիալական վարքն ու փոխհարաբերությունները:

«Մեր ապագան այս մոլորակի վրա կփոխվի: Մենք պետք է սովորենք ավելի լավ հասկանալ, թե մեր ուղեղն ինչպես է հարմարվում տարբեր իրավիճակների»,- ասել է նախագծի հեղինակ Քրիստիան Քլոտը:

Փորձին, որն անվանվում է «Խորը ժամանակ», մասնակցել է 8 տղամարդ և 7 կին՝ 27-50 տարեկան: 15 հոգանոց կամավորական խումբն ապրել է 40 օր Լոմբրիս քարայրում, որը երկրի արևմուտքում է: Նրանք սեփական ուժերով էներգիա են արտադրել հեծանիվի օգնությամբ, ջուրը հայթայթել են 45 մ խորքից: Երկար ժամանակ մթության մեջ ապրելուց հետո մարդիկ ստիպված են եղել դուրս գալ արևային ակնոցներով, որպեսզի աչքերը չվնասվեն: Քարայրից դուրս գալուց հետո են նրանք միայն հասկացել, որ այնտեղ անցկացրել են 40 օր: Մի քանիսը հաշվել էին 30 օր, մյուսները՝ 23: Մարդիկ կորցրել էին օրերի հաշվարկը, քանի որ չեն ունեցել ժամացույցներ, հեռախոսներ և զրկված են եղել արևի լույսից: