Մայիսի 12-ից ադրբեջանցի զինվորները առաջ են եկել մեր տարածք ու մինչև այսօր որևէ բանակցություն դեռ տեղի չի ունեցել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը:
Ըստ նրա՝ խոստացել էին, որ դեռ երեկ պետք է բանակցություններ անցկացվեին, բայց դեռ ոչ մեկ նրանց մոտ չի գնացել այդ նպատակով. «Ոչ մի նորություն չկա, իրենք դեռ գտնվում են մեր տարածքում, ադրբեջանցիները սարի գլխին են, մենք՝ ներքևը. ուղիղ իրենց նշանառության տակ ենք գտնվում»,- նշեց Կութի համայնքապետը:
Վերջինս ասաց, որ հնարավոր է անգամ՝ ադրբեջանցի զինվորները չբավարարվեն այն տարածքով, որը որ զբաղեցրել են. «Չեմ բացառում, որ անգամ ոտ-ոտ էլի առաջացած լինեն, մենք հեռադիտակով ենք իրենց հետևում: Իրենց զբաղեցրած տարածքը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի, մեր արոտավայրերն են այդ տարածքում գտնվում»,- ասաց Սիմա Չիտչյանը:
Նա ասաց, որ հույսով սպասում են, թե երբ են սկսվելու բանակցությունները, քանի որ բնակչության շրջանում օր օրի մեծանում է լարվածությունը. «Բնակիչները լարված են, ինչպե՞ս կարող է վախ չլինի նրանց մոտ: Մեր հույսը մեր զինվորներն են, հուսանք մեզ կպաշտպանեն»,- ասաց նա:
Զվարթ Պետրոսյան