Իրանը չի ընդունում տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Մոջթաբա Զոննուրը՝ մեկնաբանելով իրավիճակը Հայաստանի Սյունիքի մարզում:
«Իրանի դիրքորոշումը շատ պարզ է, պարզ և վերջնական: Մենք տարածաշրջանի սահմաններում որևէ փոփոխություն չենք ընդունում, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Միևնույն ժամանակ, մենք չենք ընդունում որևէ արտատարածաշրջանային ուժերի տեղակայումը մեր սահմանների մոտ: Հետևաբար, եթե որոշում կայացվի խլել Հայաստանի տարածքի մի մասը, և իրավիճակը փոխվի մեր սահմաններում, այսինքն՝ մենք ունենանք նոր հարևան, դա մեզ համար անընդունելի է», - ասել է նա, գրում է Sputnik Iran-ը: Զոննուրը շեշտել է, որ նախկին սահմանները պետք է ամբողջությամբ պահպանվեն, «Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանը պետք է պահպանվի»: