Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում նույն իրավիճակն է, ադրբեջանցիները իրենց դիրքերում «սսկված» են: Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ դիրքերում ադրբեջանական կողմից որևէ գործողություն կամ ակտիվություն դեռևս չի նկատվել:

Համայնքապետի խոսքով՝ մարդիկ զբաղվում են իրենց ամենօրյա աշխատանքներով, սակայն առավել զգուշավոր են դարձել, որովհետև շուռնուխցիներին ու ադրբեջանցիներին միայն փողոցն է բաժանում:

Հարցին, թե բանակցային գործընթացից ի՞նչ նոր տեղեկություններ կան, Արշակյանն ասաց, որ նոր բան չգիտի, վաղն էլ հերթական հանդիպումը պետք է տեղի ունենա:

«Բանակցային գործընթացի վերջնական արդյունքը պարզ կլինի հետագայում: Ես էլ ձեզ պես տարբեր լուրեր եմ լսում, ի՞նչ մեկնաբանեմ, եթե չգիտեմ՝ հանդիպմանն ինչ են խոսելու. մնում է միայն սպասել: Ինչ էլ լինի՝ տղաները և  ջոկատը պատրաստ են պաշտպանելու մեր հողերը»,- նշեց համայնքապետը:

Արփինե Հակոբյան