«Իմ քայլը» հիմնադրամի մուտքերը ռեկորդային անկում են գրանցել: 2019 թվականի ընթացքում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, ըստ պաշտոնական տվյալների, փոխանցվել է 756 միլիոն դրամ, 1,7 միլիոն ԱՄՆ դոլար և 2,9 միլիոն ռուսական ռուբլի: 2020-ին՝ 421,5 միլիոն դրամ, 288746 հազար դոլար, 708000 հազար ռուբլի: Դիտարկելով արդեն 2021 թվականի առաջին կիսամյակի տվյալները' տեսնում ենք, որ հիմնադրամին է փոխանցվել 413 հազար դրամ, 545 ԱՄՆ դոլար և 0 ռուսական ռուբլի:

Հիմնադրամի նվիրատուների ցանկը, մեղմ ասած, փոքր է: Օրինակ' Հայկակ Արշակյանը Փաշինյանի հիմնադրամին է նվիրաբերել ոչ ավել ոչ պակաս 3000 դրամ, ոմն անանուն՝ 5000 դրամ, ամենամեծ գումարը փոխանցել է Տաթևիկ Գրիգորյանը՝ 300 հազար դրամ: Ուշագրավ է, թե որ Տաթևիկ Գրիգորյանի մասին է խոսք, եթե պարզվի՝ դատավոր Գրիգորյանի, ապա այստեղ, իհարկե, առավել ուշագրավ տողատակեր կարող են ի հայտ գալ: Վալերի Բալինյանը փոխանցել է 600 եվրո, Նշան Խորդանյանը՝ 150 դոլար, Արտյոմ Մամյանը' 30 հազար դրամ:

Ուշագրավն այս ցանկում ոչ միայն փոխանցումների թվի կտրուկ նվազումն է, այլ այն, որ ցանկում բացակայում են Փաշինյանի սրտի օլիգարխները: Կամ վերջիններս այլ խողովակներ են գտել՝ Փաշինյանին ֆինանսապես աջակցելու համար, կամ, կանխազգալով, որ Փաշինյանի իշխանությանը մնացել են հաշված շաբաթներ, նախընտրում են խնայել քրտինքով վաստակած միլիոնները...