«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել են, որ չեն մասնակցելու առաջիկա ընտրություններին  և պատճառը բացառապես սեփական որոշումն է:

Ուշագրավն այն է, որ պատգամավորների գրառումների բովանդակությունն ու շարադրանքը գրեթե նույնն են, միայն մեկ տարբերությամբ. Նիկոլայ Բաղդասարյանը օգտագործել է «նաև» բառը, ինչը բացակայում է Արտակ Մանուկյանի գրառման մեջ:

Համացանցում պատգամավորների այս գրառումները լայն քննարկման առիթ են դարձել. ֆեյսբուքյան օգտատերերը ծաղրում են վերջիններիս՝ նշելով, որ այս անգամ շարադրության թեման այլ էր, կամ սա փոխադրություն է:

Հարց է առաջանում՝ իմքայլական պատգամավորներից ով ում է նմանակում, կամ ով ում փոխարեն է գրառում կատարում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ իմքայլականները գրառումներ էին կատարում՝ օգտագործելով «վիժեցնել» բառը. դա ևս չէր վրիպել ֆեյսբուքյան օգտատերերի ուշադրությունից: Նրանք գրում էին, թե «ուսապարկերը հրահանգ են ստանում գրել շարադրություն «վիժեցնել» բառով»: