Հայ գերիների ճշտված թիվը 60 է։ Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահի դրությամբ պատերազմի ընթացքում զոհերի թիվը 3705 է, անհետ կորած կամ գտնվելու վայրը անհայտ 268 մարդ, հաստատված գերիներ, այս պահին, ունենք 60 հոգի և ունենք վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ»,-ասել է Փաշինյանը և հավելել, որ այս պահի դրությամբ 89 գերեվարված անձ է վերադարձվել, որոնցից 6-ը գերեվարվել են մինչև պատերազմը։

Ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հնչեցրած անհետ կորածների թվին՝ երեկ լրագրողների հետ զրույցում վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն էլ հայտարարեց, որ այս պահի դրությամբ անհետ կորածների թիվը 275 է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որի, անհետ կորածների թիվը 1064 է: