«Ո՛չ նախկին, ո՛չ ներկա։ Միասնական Հայրենիք N7»,- «Բիլայն» ընկերությունն ահա այսպիսի քաղաքական հստակ ենթատեքստ պարունակող նամակներ է ուղարկել իր բաժանորդներին։

«Բիլայն»-ը հաղորդագրություններով նախընտրական քարոզչություն է իրականացրել՝ իր բաժանորդներին ուղարկելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Միասնական Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջը, այսպես ասած, ուղղորդելով ձայն տալ կոնկրետ այս ուժի օգտին։ Իսկ թե «Միասնական Հայրենիք» կուսակցությունն  ու դրա առաջնորդ, պատգամավորի թեկնածու Մհեր Տերտերյանն ի՞նչ կապ ունեն «Բիլայն» ընկերության հետ՝ դեռևս հայտնի չէ, սակայն կարելի է ենթադրել, որ ընկերությունը սատարում է այս ուժին և աջակցում ակնհայտ անօրինական գործողություններով։

Նկատենք նաև, որ ուղարկված հաղորդագրությանը հաջորդում է մեկ ուրիշը, որով «Բիլայն»-ը խնդրում է անտեսել քաղաքական բնույթի նամակը․ «Խնդրում ենք անտեսել նախորդ հաղորդագրությունը։ Այն ուղարկվել է տեխնիկական սխալի պատճառով։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Այսպիսով՝ որքան էլ վերահսկող մարմինները պետական մարմիններին, ընկերություններին, կազմակերպություններին հորդորում են զերծ մնալ քաղաքական քարոզությունից, սակայն «Բիլայն»-ի վրիպումը բոլորովին այլ բանի մասին է վկայում։ 

Սոնա Հարությունյան