Երեկ՝ ժամը 18:00-ից, ամուսնուս հետ սկսել ենք հացադուլը, սա ինքնարտահայտման ձևերից մեկն է, պահանջում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրային հեռուստատեսության նախկին գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, որն ամուսնու հետ երեկվանից Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ է իրականացնում:

«Սա մեկ վայրկյանում կայացրած որոշում չէ, մենք ամեն օր այս 8 ամիսների ընթացքում խոսում էինք այդ մասին, խեղդվում էինք արդեն, այդ պատճառով որոշեցինք մեր բողոքի ձայնը այս կերպ բարձրացնել »,-ասաց Մերի Դավթյանը:

Հացադուլ իրականացնողն այն կարծիքին է, որ սա մեկ անհատի խնդիր չէ, այլ մի ողջ ժողովրդի հարց է. «Մենք պետություն ունեինք, հավատում էինք բարոյական արժեքներին, սա արժեհամակարգային խնդիր է: Ժողովուրդը չգիտի՝ ինչ է սպասվում իրեն, ո՛չ կարգավիճակ ունենք, ո՛չ մեր անվտանգությունն է երաշխավորված, ո՛չ էլ մեզ հետ զրուցող ու մեր խնդիրները լսող կա. այս անորոշ վիճակը մենք այլևս չենք կարող հանդուրժել»,- ասաց հուզված քաղաքացին:

Նա հատկապես վիրավորված է այն հանգամանքից, որ պատերազմից հետո 8 ամիսների ընթացքում նախագահը այդպես էլ չեկավ՝ լսելու իր ժողովրդի խնդիրները. «Կարելի՞ էր չէ զրուցել մեզ հետ, հո միայն փակ հանդիպումներ ու ինչ-որ որոշումներ կայացնլով չի լուծվում խնդիրը, այս 8 ամսիների ընթացքում կարելի՞ էր չէ առերեսվել ժողովրդի հետ, իսկ եթե պատեհ պահ չի գտել այսքան ժամանակ մեզ հետ խոսելու, ապա ինչ իրավունք ունի նա շարունակել զբաղեցնել Արցախի նախագահի պաշտոնը»,- նշեց Մերի Դավթյանը:

Վերջինս պնդում է, որ ողջ խնդիրը հենց Արայիկ Հարությունյանի մեջ է, որը, ինչպես նշեց քաղաքացին, պարտություն է խորհրդանշում. «Ամբողջ խնդիրը իր մեջ է, ինքը խորհրդանշում է պարտություն, այսքան ամիսներ հետո մենք վերջապես ուզում ենք այդ սիմվոլից հրաժարվել, որովհետև Արցախը 30 տարի շարունակ հաղթանակած էր»,- ընդգծեց քաղաքացին:

Նա ասաց, որ իրենց աջակցողները շատ են, իսկ թե դեռ որքան կտևի հացադուլը՝ կախված է նախագահի հրաժարականի ժամկետներից. «Շատ հետաքրքրվածներ կան, մեզ աջակցում են պատգամավորներ, օմբուդսմենը, անգամ, մի կին ասաց, որ վաղը կմիանա մեր հացադուլին»,- ասաց Մերի Դավթյանը՝ ընդգծելով. «Անժամկետ հացադուլ ենք իրականացնում, ես այսօր հանրահավաքին, նրան կլսեմ, թե կբավարարի իմ պահանջը, վերջ կտամ հացադուլին, թե ոչ՝ կշարունակեմ. կարծում եմ, որ գոնե այս անգամ իր խոսքը կպահի»,- եզրափակեց նա:

Զվարթ Պետրոսյան