Հայ Ազգային Կոնգրեսը, թեև արձանագրել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարան չի դիմի:

«Սահմանադրական դատարան չենք դիմելու»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց: ՀԱԿ-ն իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել էր՝ ընտրություններին իշխանություններն ամբողջ ծավալով օգտագործել են վարչական ռեսուրսը, կիրառվել է նաև բանակի ուղղորդված քվեարկություն:

«Հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց և որակապես լուրջ նահանջ էին 2018 թ․ ընտրությունների համեմատ։ Չնայած տրված բազմաթիվ խոստումներին և երաշխիքներին, իշխանությունները տապալեցին նաև այս քննությունը՝ արգելակելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհը»,- ասված էր հայտարարության մեջ։