Հանձնաժողովի գործունեության առանցքում է լինելու ազգային ու պետական շահը, և հենց այս հանձնաժողովն է, որ պետք է վերացնի արտաքին քաղաքականության վերաբերյալ առկա պատրանքները։ ԱԺ ամբիոնից ասաց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով' հանձնաժողովը պետք է վերացնի իշխող ուժ և ընդդիմության միջև առկա տարաձայնությունները՝ արտաքին աշխարհին ներկայանալով միասնական ճակատով։

«Բոլորս պետք է պատրաստ լինենք մեկտեղելու մեր կարողություններն ու ռեսուրսները, համաձայնենք ամենօրյա աշխատանքի, որովհետև հաղթանակը հեշտ չի տրվում»,-ասաց Աղաջանյանը։

Նա նշեց, որ հանձնաժողովի գործունեության հիմքում պետք է լինեն գերիների վերադարձի հարցը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ապահովումը և տարածաշրջանային կայունության վերականգնումը։

«Մեր նպատակներին հասնելու ճանապարհին կարևոր են լինելու հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների, Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական խորացումը»,-ասաց Աղաջանյանը։