Վարչական դատարանը օգոստոսի 30–ին, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, կարճել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական–տեղեկատվական համակարգից։

Հայցվոր կողմը դատարանից պահանջում էր ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչել։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ Վարչական դատարանը նման որոշում է կայացրել, քանի որ դատարանում միաժամանակ չէր կարող քննվել երեք տարբեր հայցեր։

«Դատարանը սկզբում երկու հայցը վերադարձրել էր, մեկը՝ վարույթ ընդունել։ Այնուհետև վերադարձված երկու հայցերը վերադաս դատարանների կողմից վերացվել էր, հետևաբար դատարանը զուգահեռաբար երեք հայց իրար հետ չէր կարող քննել, և այդ մեկը կարճվել էր»,- ասաց փասաբանը։

Նա նշեց, որ պատրասվում են վիճարկել դատարանի որոշումը:

Սոնա Հարությունյան