Այո, ես ասել եմ, որ մինչեւ վերջ գնալու եմ, մինչեւ վերջ գնացել եմ. ես մինչեւ վերջին պահն էլ իմ տեսակետը, իմ պատկերացումը, ծրագիրը ներկայացրել եմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընտրություններից հետո ինքը հայտարարել էր, որ մինչեւ վերջ գնալու է եւ պահանջելու կառավարության 100 տոկոս հրաժարականը:
Հարցին, թե հիմա շարունակո՞ւմ է պահանջել կառավարության հրաժարականը, ԲՀԿ առաջնորդը հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Հիմա այնպիսի ընդդիմություն կա, ավելի արմատական ընդդիմություն են, որ իրենք էդ գործը մեզնից էլ ինչ կախված է, մենք պատրաստ ենք ասելու, ներկայացնելու: Բայց ասում էին՝ էն ընդդիմությունը, որ մենք ենք, իրենք ավելի ուժեղ ընդդիմություն են լինելու»:
Հարցին, թե եթե նման պրոցեսներ լինեն, ԲՀԿ-ն կմիանա արդյոք քաղաքական ուժերից մեկին, Ծառուկյանն արձագանքեց. «ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա: ԲՀԿ-ն իր տեղում է, իր գործով զբաղվում է, կառուցողական, ոչ թե այսօր ինչ-որ... այսօր մենք էս երկրում ենք ապրում: Այսօր ցանկացած մարդ պետք է կարողանա իր հնարավորություններն օգտագործի ի օգուտ իր երկրի, ժողովրդի: Ոչ թե մի վատ բան լինի, ուրախանաս: Այս երկրում ապրողը ուրախանում է տնտնեսության հզորացմամբ, պետության հզորացմամբ»: