ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայից եկող ազդակների փոփոխություն է տեղի ունեցել:
Արսենյանը փաստացի փորձում է մանիպուլացնել հանրային կարծիքը, քանի որ իր պնդումը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: 2021 թվականի հուլիսի 26-ին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը Հայաստանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառում է արել Twitter-ի միկրոբլոգում։ Նա, մասնավորապես գրել է․ «Հայաստանի՝ Քելբաջարում (Քարվաճառ) իրականացրած հարձակման հետևանքով Ադրբեջանի զինվոր է զոհվել։ Խստագույնս դատապարտում ենք այդ հարձակումը։ Հայաստանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, որը տարածաշրջանի խաղաղության համար սպառնալիք է։ Այդ ագրեսիվ քաղաքականության համար պատասխանատու են նաև Հայաստանին քաջալերողները»։
2021-ի հուլիսին Ռեջեփ էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան բոլոր միջոցներով այսօր կանգնած է Ադրբեջանի կողքին, և «ամբողջ աշխարհը գիտի, որ վաղը ևս մենք կանգնած ենք լինելու ձեր կողքին»:
2021-ի օգոստոսին Թուրքիան շարունակել է հոխորտալ Հայաստանի հասցեին; Անկարան կոչ էր անում Հայաստանին «զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին և զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ»: Այս մասին գրված էր Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ։
Օրեր առաջ էլ սպառնալից հայտարարություն է արել Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը, նշելով հետևյալը՝ հույս ունենք, որ Հայաստանը կենթարկվի հրադադարին, որևէ սխալ չի անի, և տարածաշրջանում հրադադարը կդառնա մնայուն և կապահովվի կայունությունը;
Ինչպես տեսնում ենք՝ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները չեն փոխել իրենց վերաբերմունքը ոչ հայերի, ոչ էլ Հայաստանի Հանրապետության հանդեպ, իսկ դրական ազդակների փոխարեն Անկարայից Երևանին են ուղղվում միայն ու միայն նոր սպառնալիքներ և նախապայմաններ: