Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին վերջին պատերազմի հետևանքով անհայտ կորած համարվող ամուսնու փոխարեն երկրորդ երեխայի միանվագ նպաստը ստանալուն աջակցելու հարցում։

ՄԻՊ-ից հայտնում են, որ նա տեղեկացրել է, որ մինչև պատերազմն ամուսինը երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու հարցով դիմել է Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին և նպաստի գումարը (300.000 ՀՀ դրամ) փոխանցվել է ամուսնու անունով բացված բանկային հաշվին, այդ իսկ պատճառով նպաստի գումարը բանկը հրաժարվում է իրեն վճարել:

Անհայտ կորած համարվող տղամարդու կինն ընկել է քաշքշուկների մեջ․ տարբեր պետական մարմիններ պահանջում են տարբեր փաստաթղթեր։

Բարձրացված խնդրի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարցը բանավոր ու գրավոր տարբերակներով քննարկել է իրավասու պետական մարմինների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Սոցիալական ապահովության ծառայության հետ համագործակցության արդյունքում կինը կարողացել է ստանալ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը։