Ես ցավակցում ու խոնարհվում եմ զոհված մեր բոլոր տղաների շիրիմների առջև։ Մենք այստեղ պառկած և ընկերներ ունենք, և զինվորներ, իմ ենթակայության տակ նախկինում ծառայած տղերքը նույնպես այստեղ են։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշպանության նախարար Արշակ Կարապետյանը։

«Սա մեր սուրբ տեղն է, մենք պետք է գանք այստեղ ու, ինչու ոչ, իրենց հետ ժամանակ անցկացնենք։ Մենք պետք է գանք այստեղ ու իրենց չհաշվենք որպես զոհված, ավելի ճիշտ՝ մահացած, այո, նրանք զոհվել են, բայց նրանց մահացած չպիտի հաշվենք, քանի որ նրանք կենդանի են»,- ասաց նախարարը՝ պնդելով, որ շտապում է ,պիտի գնա։

Նախարարը չցանկացավ այլ հարցերի պատասխանել և հեռացավ: Աստիճանների վրա մի կին լացակումած մոտեցավ Արշակ Կարապետյանին, վերջինս նստեց կնոջ կողքին աստիճանների վրա, վերցրեց նրա ձեռքի նամակը․ «Մի տարի է ջուր չունեմ, հոսանք չունեմ, խնդրում եմ իմ հարցերը լուծեք»,- ասաց կինը: