ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումներին ավելի շատ վերացական թեմաներից էր հետաքրքրվում, քան օրակարգից: Այս մասին իր գրքում խոսել է նրա նախկին մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը: Գրքից հատվածներ մեջբերում է Daily Mail-ը:
Նա պարզաբանել է, որ խոսքն այդ թվում մի դեպքի մասին է թուրք-ամերիկյան գագաթնաժողովին: Միջոցառման ընթացքում Թրամփը, ըստ Գրիշեմի, հարցրել է, թե առաջնորդներից որն է ավելի կոշտ' նկատի ունենալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին, փոխանցում է «Իզվեստիա»-ն:

Ինքը' Գրիշեմը, խոստովանել է, որ չկարողացավ պատասխանել Միացյալ Նահանգների նախկին նախագահի հարցին:

«Չգիտեմ, պարոն, նա բավականին քուլ տեսք ունի»,- ցույց է տվեցի Թուրքիայի նախագահին»,- գրել է Թրամփի նախկին խոսնակը:
Ընդ որում, գագաթնաժողովի ժամանակ Թրամփը, ինչպես նշել է Գրիշեմը, անսպասելիորեն սկսել է խոսել 1978 թվականի «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմի մասին: Ֆիլմը պատմում է մի ամերիկացու մասին, ով հայտնվում է թուրքական բանտում' Ստամբուլից թմրանյութերը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու անհաջող փորձից հետո:

«Չգիտեմ' արդյոք Թրամփը փորձում էր Էրդողանին ներգրավել իր խաղի մեջ, թե՞ պարզապես հանկարծակի հիշեց ֆիլմը: Ինչ-որ պահի նա անսպասելիորեն հարցրեց. «Որեւէ մեկը դիտե՞լ է «Կեսգիշերային ճեպընթաց»-ը: Մռայլ ֆիլմ է ձեզ համար, ընկերներ»,- պատմում է Գրիշեմը:

Բացի այդ, միջոցառումից հետո Թրամփն իր մամուլի խոսնակին պատմել է, որ, ըստ իրեն, «Ցզինպինը շատ ավելի կոշտ է»: Միացյալ Նահանգների նախկին նախագահն ասել է, որ «տեսել է նրան գործի մեջ. նա (Չինաստանի առաջնորդը) սառնասիրտ մարդասպան է»: