Իտալիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը համարում է այն ձևաչափը, որտեղ կարելի է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և խաղաղ լուծումը: Այս մասին ասաց Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության ժամանակ:
Անդրադառնալով հանդիպմանը՝ Իտալիայի նախագահը տեղեկացրեց, որ խոսել են ԼՂ հարցի կայուն և երկարաժամկետ լուծում գտնելու մասին։
«Բնականաբար, վերահաստատեցինք, որ Մինսկի խումբն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել կայուն և խաղաղ լուծումը»,-ասաց Մատարելլան՝ կրկին շեշտելով, որ Իտալիան խրախուսում է երկու երկրներին գտնել ճիշտ երկխոսություն ու նպաստել տարածաշրջանի զարգացմանը:
Ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, նախագահի խորհրդական Ռուբեն Կարապետյանը և այլոք։